Նորություններ, միջոցառումներ

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԲԿԳ նախաձեռնության ղեկավար մարմնի ներկայացուցիչների հետ

09.07.2018

2018 թվականի հուլիսի 9-ին Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստան այցելած Բաց կառավարման գործընկերություր նախաձեռնության տնօրենի տեղակալ Ջոզեֆ Փաուելի և Ասիա-խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանի համակարգող Շրեյա Բասուի հետ:

Փոխվարչապետը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության առաջնահերթություններից մեկն է և գործադիրը հաստատակամորեն շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Այս համատեքստում իր գործուն դերը ունի Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնությունը իր թափանցիկության, հաշվետվողականության և մասնակցային սկզբունքներով: Հայաստանյան հեղափոխությունը ոչ ժողովրդավար գործունեության արդյունքն էր, հետևաբար նոր կառավարության խնդիրն է ժողովրդավարական հիմքեր դնելը` հիմնելով օրինավորության և մարդու իրավունքների վրա: Արարատ Միրզոյանը կարևորեց արդյունավետ համագործակցությունը այս նախաձեռնության շրջանակներում ոչ միայն Ասիա-խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ, այլև ԲԿԳ շրջանակներում եվրոպական երկրների հետ:

Ջոզեֆ Փաուելը և Շրեյա Բասուն իրենց հերթին ողջունեցին կառավարության նման պատրաստակամությունը և հույս հայտնեցին, որ իրական բարեփոխումներ կիրականացվեն հատկապես պետական գնումների և իրավական ոլորտներում:

 

← Վերադառնալ