Նախաձեռնության մասին
2011թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը միացել է "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը:
Բաց կառավարման նախաձեռնության շրջանակներում Հայաստանը մշակել և ընդունել է արդեն երեք Գործողությունների ծրագիր՝ 2012-2014, 2014-1016 և 2016-2018 թվականների համար: Առաջին երկուսն արդեն իրականացվել են, երրորդ Գործողությունների ծրագիրը ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատվել է 2016 թվականի օգոստոսի 11-ին:
ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագրը մշակվել է ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկեր կազմակերպությունների և այս անգամ նաև՝ անհատ քաղաքացիների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համատեղ՝ հիմք ընդունելով նախորդ երկու Գործողությունների ծրագրերի մշակման և իրականացման արդյունքում կուտակված աննախադեպ փորձը, ԲԿԳ միջազգային ցանցը և անկախ հաշվետվական մեխանիզմի առաջարկությունները:
Ծրագրի նախագիծն անցել է հանրային քննարկումների և համաձայնեցումների մի շարք փուլերով:
ԲԿԳ-Հայաստան երրորդ գործողությունների ծրագրի համար ստացվել են 70-ից ավել առաջարկություններ, որոնցից ծրագրում ներառվել է 8 հանձնառություն՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բյուջետային միջոցների թափանցիկությունը, հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց` արտասահման գործուղումների թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների բաց ֆորմատով հասանելիության ապահովումը, լիցենզիաների միասնական շտեմարանի ստեղծումը, զինկոմիսարիատներում մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիների սպասարկման մշակույթի ներդրումը և մի շարք այլ առանցքային բարեփոխումներ:
ԲԿԳ երկու ազգային ծրագրերի միջոցով շոշափելի բարեփոխումներ են իրականացրել տնտեսության կարևորագույն ոլորտներում՝ ապահովելու համար Բաց կառավարման մարտահրավերը՝ հանրային ծառայությունների բարելավումը, հանրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարումը, հանրային օրինավորության խթանումը, հանրային վստահության բարելավումը:
ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագրով ընդլայնվելու է այդ բարեփոխումների շրջանակը, միևնույն ժամանակ ապահովելով նախորդ գործողությունների ծրագրերով ստանձնած պարտավորությունների շարունակականությունը:
Բաց կառավարման գործընկերությունը ստեղծվել է 2011 թվականին 8 երկրների նախաձեռնությամբ` ԱՄՆ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն: ԲԿԳ հռչակագրում ասվում է, որ այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ձևավորել առավել թափանցիկ և պատասխանատու իշխանություններ: