Նորություններ, միջոցառումներ

Բաց կառավարման շաբաթ. հայաստանյան գործընթացները ներկայացվեցին ուսանողներին

11.05.2018

Մայիսի 10-ին, Բաց կառավարման շաբաթ միջազգային նախաձեռնության շրջանակներում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախաձեռնել էր հանդիպում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ: 

Հանդիպման նպատակն էր ապագա լրագրողներին ներկայացնել Բաց կառավարման գործընկերություն միջազգային նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության շուրջ 7 տարիների փորձը և ձեռքբերումները: Բանախոսներն էին ՀՀ կառավարության աշխատակազմի Արտաքին կապերի վարչության մասնագետ, ԲԿԳ հայաստանյան աշխատանքային խմբի քարտուղար Լիլիա Աֆրիկյանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Լիանա Դոյդոյանը: 

Լիլիա Աֆրիկյանը ներկայացրեց ԲԿԳ հիմնական սկզբունքները, դրա կարևորութույնը կառավարությունների համար, միջազգային փորձը և հայաստանյան ձեռքբերումները: Խոսվեց Հայաստանի Գործողությունների ծրագրերի, դրանցում ընդգրկված հանձնառությունների արդյունքների և հետագա անելիքների մասին: Ուսանողներին հետաքրքրեց՝ ինչպես կարող են իրենք էլ ներկայացնել առաջարկներ, վերահսկել և մասնակցել հանձնառությունների իրականացման գործընթացներին: Ապագա լրագրողները ևս բարձրացրեցին նախաձեռնության մասին հանրությանը լայնորեն իրազեկելու հարցը, քանի որ, ինչպես տեղեկացան հանդիպումից, շատ կարևոր և արդյունավետ գործողություններ են իրականացվել, սակայն դրանց մասին մարդիկ տեղյակ չեն:   

Լիանա Դոյդոյանը տեղեկացրեց, այժմ ԲԿԳ հայսատանյան Գործողությունների չորրորդ ծրագրի մշակման փուլում ենք, և այս տարի ևս ԻԱԿ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է առցանց հարթակ, որի միջոցով բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց առաջարկները ներկայացնել՝ ուղղված բաց, թափանցիկ և մասնակցային կառավարման արդյունավետությունը բարձրացնելուն: Առաջարկները կհավաքվեն և կուղարկվեն կառավարության աշխատակազմ, այնուհետև կառավարություն- քաղհասարակություն համատեղ քննարկման արդյունքում կհաստատվի Գործողությունների չորրորդ ծրագիրը: 

Լիանա Դոյդոյանը ապագա լրագրողներին մասնագիտական մի քանի խորհուրդ տվեց՝ նշելով, որ իրենք էլ կարող են ԲԿԳ ծրագրերի հանձնառությունները ուսումնասիրել և լրագրողական նյութեր, ռեպորտաժներ անել: 

Նշենք, որ 2018թ.-ի մայիսի 7-11-ը ԲԿԳ անդամ շուրջ 75 երկիր նշում է Բաց կառավարման շաբաթը, որի ընթացքում բաց կառավարման, թափանցիկությանը, հաշվետվողականությանը, մասնակցային կառավարման խնդիրներին վերաբերող թեմաներով մի շարք միջոցառումներ են իրականանում: Առավել մանրամսն կարող եք ծանոթանալ https://www.opengovweek.org/ կայքում:  

 

← Վերադառնալ