Նորություններ, միջոցառումներ

Պետական կառավարման մարմինների օրինաստեղծ գործունեության մասին հանրության իրազեկում

16.06.2017



Բաց կառավարման գործընկերություն - Հայաստան Երկրորդ Գործողությունների ծրագրի շրջանակներում ընդգրկվեց և իրականացվեց www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, որտեղ  տեղադրվում են ՀՀ գերատեսչությունների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը:
 
Միասնական կայքի ներդրմամբ ստեղծվել է առցանց հարթակ, որը ապահովում է գերատեսչությունների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու, առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, արդյունքում նաև՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ակտիվ մասնակցությունը իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին: Կայքը հնարավորություն է ընձեռում՝
 
1. ծանոթանալ տեղադրված նախագծերին
2. որոնել նախագծեր
3. հետևել դրանց հետագա ընթացքին
4. ծանոթանալ ներկայացված առաջարկություններին:
 
Կայքում գրանցվելու դեպքում նաև կարող են ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին:
ԲԿԳ-Հայաստան Երկրորդ ծրագրի շրջանակներում կայքի իրականացման լիազոր մարմինն է ՀՀ արդարադատության նախարարությունը: Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի դոնոր գործընկերների աջակցությամբ, ստեղծվել է էլեկտրոնային ժողովրդավարության նպատակով գործարկված իրավական ակտերի հրապարակման միասնական կայքը (www.e-draft.am) և կայքի հնարավորությունների ու  նպատակի մասին պատմող սոցիալական հոլովակը: 
 
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի նիստում հանձնարարել է խստորեն հետևել հանրային քննարկմանը ենթակա ՀՀ օրենքների և կառավարության որոշման նախագծերի՝ www.e-draft.am-ում տեղադրած լինելու, ինչպես նաև կայքի միջոցով տրամադրված փաստաթղթերը ՀՀ կառավարության աշխատակազմին ներկայացնելու պարտադիր պահանջին: 
 
Արդարադատության նախարարին էլ հանձնարարվել է մեկամսյա ժամկետում իրականացնել լուսաբանման աշխատանք՝ քաղաքացիական հասարակությանն ու գործարար համայնքին իրազեկելով նշված հարթակի առկայության և հնարավորությունների մասին: 

← Վերադառնալ