Նորություններ, միջոցառումներ

Տիգրան Սարգսյանի` իշխանության պարտադրանքի գործիքի թեզը, ընդդիմությունն ու ԶԼՄ-ները

14.06.2013

Աղբյուրը` aravot.am 

"Իշխանությունն ունի պարտադրանքի գործիք, ու եթե իշխանությունը կիրառում է այդ գործիքը, ապա պիտի հասարակությունը վստահ լինի, որ այն ի չարս չի օգտագործվի",-այսօր "Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան" միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նշեց այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է իրականացվի կառավարության գործողությունների ծրագիրը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու պիտի իշխանության գործունեությունը բաց ու թափանցիկ լինի, վարչապետը նշեց. "Պետք է հասարակության կողմից լինի այն վստահությունը, որ իշխանության պարտադրանքի գործիքը ազատ ու արդար ձևերով է օգտագործվում: Հենց այդ պատճառով էլ իշխանությունները մշտապես պիտի արդարանան, որ այդ գործիքը ճիշտ են կիրառում: Հասարակությունը վստահ պիտի լինի, որ իշխանության որոշումները տրամաբանական են, և որ հասարակության կարծիքն ազդում է իշխանության կողմից օրենքներ ընդունելու հարցում":

Տ. Սարգսյանը բարձրացրեց նաև պատասխանատվության ու պրոֆեսիոնալիզմի հարցերը: Վերջինի բացակայության առումով վարչապետը մտահոգություն հայտնեց ու հավելեց. "ԶԼՄ-ները չեն զտում ինֆորմացիան, և սենսացիոն լուրերը հիմնականում կրում են նեգատիվ տրամադրություններ: Արդյունքում մամուլն ու հեռուստաընկերությունները հեղեղված են լինում բացասական տեղեկատվությամբ, և ստեղծվում է հուսախաբություն, մշտական դժգոհութուն հասարակության շրջանում, որը հնարավորություն չի տալիս ռեֆորմներն անել ազատ": Նա ընդունեց, որ այստեղ կա նաև իշխանության մեղքի բաժինն ու մանրամասնեց. "Եթե գործ ունենք ոչ ստույգ տեղեկատվության հետ, որը ստվեր է գցում ազնիվ և պատասխանատու անձանց վրա, պիտի պատասխանատվության կանչենք այն անձանց, ովքեր թույլ են տալիս այդ ապատեղեկատվությունը":

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն էլ նշեց. "Հայաստանը կարևոր հանձնառություն է ստանձնել բաց կառավարման գործընկերության առաջ իր գործողությունների ծրագրով: Գիտեմ, որ ՀՀ կառավարության կողմից գործողությունների ծրագիրը հաստատվել է: Առաջընթացը կարևոր է ՀՀ –ի համար, քանի որ այն կօգնի Հայաստանին բարելավել իր ցուցանիշները: Հազարամյակի մարտահրավերներ կոորպորացիան այս առումով մշտադիտարկումներ է իրականացնում, և կարծում եմ՝ ՀՀ-ն կբարելավի իր ցուցանիշները և կրկին կհամապատասխանի Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի ցուցանիշներին: Այս առումով գործողությունների ծրագրով պիտի լուրջ բարեփոխումներ կատարվեն":

Համաժողովին ներկա էին ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ ներկայացուցիչներ և փորձագետներ արտերկրից: "Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ի պատասխան վարչապետի դիտարկմանը, թե իշխանությունը պարտադրանքի գործիք է ասաց. "ՀՀ-ում իշխանությունը ոչ թե պարտադրանքի, այլ ճշման հզոր գործիք է: Ցավոք, դա օրենքի շրջանակներում չէ, քանի որ ըստ Սահմանադրության` իշխանությունը պատկանում է ժողովրդին: Բայց 1995-ից սկսած ՀՀ-ում ոչ թե ժողովուրդն է ընտրել իշխանություն, այլ այն վերարտադրվել է: Ուստի այն ճնշումն ու պարտադրանքը, որ իշխանությունն է բանեցնում, օրենքի շրջանակներից դուրս են ու ոչ լեգիտիմ":

"Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանից էլ Aravot.am-ը հետաքրքրվեց` ո՞րն է ԶԼՄ-ների դերը` օգնել հասարակությանը հասկանալ` արդյոք իշխանությունը պարտադրանքի գործիքն արդար մղումներո՞վ է օգտագործում: Նա պատասխանեց. "Լրագրողները պիտի հնարավորություն ունենան բավարար չափով տեղեկատվություն ստանալ և փոխանցել հանրությանը, որպեսզի պարզվի` իշխանությունը պարտադրանքի միջոցը կիրառեց արդարացի՞, թե՞ ոչ: Բայց մեզանում լրագրողները բախվում են այն խնդիրներին, որ փակվում է տեղեկատվությունը, այն ժամանակին չի տրամադրվում, թերի, փոքր-ինչ կեղծված, այլ լույսի ներքո ներկայացված է տրամադրվում, ինչն աղավաղում է իրականությունը: Վարչապետը քննադատեց մամուլին, որ չի օգտվում այն առաջարկից, որ անում է կառավարությունը: Ես այնքան էլ համամիտ չեմ, քանի որ մամուլը բավականին լուրջ բացահայտումներ արեց պետական ռեսուրսների ապօրինի օգտագործման, մասնավորապես հանրային զուգարանների, նստարանների հետ կապված` փաստացի հիմքերով, բայց դրան բավարար արձագանք իշխանության կողմից չեղավ: Առաջարկը շատ է, gov.am, egov.am կայքերում հսկայական տեղեկատվություն կա: Բայց նույնիսկ այն դեպքերում, երբ մամուլն օգտագործում է այդ տեղեկատվությունն ու բարձրացնում խնդիրներ, դրանք բավարար և պատշաճ արձագանքի չեն արժանանում":

 

← Վերադառնալ