Նորություններ, միջոցառումներ

«Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան» առաջին միջազգային համաժողով

14.06.2013



Հունիսի 14-ին Երևանում անցկացվեց "Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան" առաջին միջազգային համաժողովը: "Թափանցիկություն և հաշվետվողականություն. համագործակցություն կառավարության և քաղաքացիական հասարակության միջև" խորագիրը կրող միջոցառումը կազմակերպել էին "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ն ՀՀ կառավարության հետ համատեղ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

2011 թ. նոյեմբերից ԲԿԳ գլոբալ նախաձեռնության անդամ երկիր դարձած Հայաստանում սա առաջին հանրային մեծ միջոցառումն էր, որը մի հարկի տակ էր հավաքել շուրջ 150 ներկայացուցիչներ ՀՀ Կառավարությունից, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ոլորտներից, ինչպես նաև միջազգային փորձագետների ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Էստոնիայից և Վրաստանից: 

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշեց. "Կարևորում եմ այս համաժողովի անցկացումը, քանի որ մեր առջև ծառացած են կարևորագույն և սկզբունքային խնդիրներ, որոնց լուծումները պարտավոր ենք գտնել: Կառավարության ցանկացած ծրագիր կարող է ունենալ հաջողություն, եթե դրա սկզբունքները, գաղափարախոսությունը նախապես ներկայացվում են հանրությանը, դառնում քննարկման և քննադատության առարկա, որից հետո էլ ընդունվում և սկսվում են իրականացվել: Սա քաղաքացիական հասարակության կառուցման ճանապահն է: Տոտալիտար համակարգից անցումը քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների` բավականին դժվար և ցավոտ ճանապարհ է, որովհետև այն ենթադրում է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է փոխի իր մտածողությունը, ամենօրյա գործառույթները, հակառակ դեպքում ապրելու ենք այնպես, ինչպես երեկ: Աշխարհի ոչ մի կառավարություն հաջողության չի հասնի, եթե հասարակությունում այդ հիմնարար փոփոխությունները տեղի չունենան":   

Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ սա ենթադրում է, որ միասին պետք է սովորենք աշխատել նոր միջավայրում, երբ տեղեկատվությունը բաց է և թափանցիկ, հասանելի հասարակության համար: 

Իր հերթին, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ ՀՀ կառավարությունը սերտորեն համագործակցում է ԲԿԳ շրջանակում և իրենք հավատացած են, որ բաց հասարակությունը և տնտեսությունը հնարավորություն կտան երկրներին ծաղկում ապրել, լինել առավել բարեկեցիկ, անվտանգ և խաղաղ: "Սրա վրա է հիմնվում մեր աջակցությունը ԲԿԳ ուղղությամբ: Իր գործողությունների ծրագրով Հայաստանը կարևոր հանձնառություն է ստանձնել "Բաց կառավարման գործընկերության" առաջ և ես գիտեմ, որ կառավարության կողմից այդ գործողությունների ծրագիրը հաստատվել է, որը քննարկվել և շրջանառության մեջ է դրվել: Այս գործողությունների ծրագրով առաջընթացը կարևոր է Հայաստանի համար, ինչը կօգնի, որ ՀՀ-ն բարելավի իր ցուցանիշները, որոնք դիտարկվում են "Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա"-ի կողմից",- ասաց ԱՄՆ դեսպանը: 

Համաժողովը բաղկացած էր 5 թեմատիկ նստաշրջաններից.

  • ԲԿԳ–ն որպես քաղաքացիական հասարակության և կառավարության համատեղ նախաձեռնություն,
  • փորձի փոխանակում,
  • Հանձնառությունից դեպի գործողություն. հասարակության ներգրավվածության մակարդակի բարձրացում,
  • հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարում,
  • Տեղեկատվության ազատություն)

Յուրաքանչյուր նստաշրջան նվիրված էր ԲԿԳ հայաստանյան գործողությունների ծրագիրի առանձին հանձնառություններին, դրանց իրականացման ընթացքին, ոլորտում առկա խնդիրներին: ՀՀ Կառավարության ներկայացուցիչները առանձին ելույթներով ներկայացրին ԲԿԳ հայաստանյան գործողությունների ծրագրով ստանձնած ՀՀ հանձնառությունների իրականացման ընթացքը, պատասխանեցին ներկաների, այդ թվում նաև ոլորտում ներգրավված ՀԿ ներկայացուցիչների հարցերին:

Ի դեպ, վերջիններս համաժողովի ընթացքում հնարավորություն ունեցան հանրությանը ներկայացնելու ԲԿԳ հայաստանյան գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի իրենց մոնիթորինգի արդյունքները՝ առանձնացնելով արդեն իսկ առկա ձեռքբերումներն ու այն հիմնական խնդիրները, որոնք շարունակում են մնալ չլուծված: Բարձրացված խնդիրների մի մասի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը համաժողովին մասնակից պաշտոնատար անձինք ներկայացրին հենց տեղում՝ խոստանալով հարցերի վերաբերյալ ավելի գործնական քննարկումներ անցկացնել ԲԿԳ աշխատանքային առաջիկա հանդիպումների ժամանակ:

Տեղակատավության ազատությունը ԲԿԳ հայաստանայան ծրագրի հիմնական կետերից է, ուստի ոլորտին առնչվող հիմնախնդիրների քննարկման համար կազմակերպիչները մի ամբողջ նստաշրջան էին նախատեսել: Նստաշրջանն իր ելույթով բացեց ԲԿԳ հայաստանյան աշխատանքային խմբում ընդգրկված "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը: Վեջինս, կարևորելով ոլորտում առկա բարեփոխումները, գերադասեց խոսել այն հիմնական խնդիրների մասին, որոնք հատուկ են տեղեկատվության ազատությանը Հայաստանում:

Նստաշրջանի ընթացքում ելույթ ունեցան նաև ԱՄՆ-ի, Վրաստանի և Բուլղարիայի համապատասխան ոլորտը ներկայացնող փորձագետները, ովքեր ներկայացրին ԲԿԳ նախաձեռնության շրջանակում իրենց երկրում իրականացվող ծրագրերն ու դրանց արդյունավետության աստիճանը, առանձնացրեցին հիմնական խոչընդոտները: Ուշագրավ էր, որ հայաստանյան իրականությունում արձանագրված որոշ խնդիրներ այս կամ այն չափով իրենց դրսևորումն ունեն (կամ ունեցել են) նաև մեր գործընկեր երկրներում: Սա կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ արդյունավետ քննարկումների, փորձի փոխանակման լավ առիթ կարող է դառնալ:

Համաժողովի վերջին նստաշրջանը նվիրված էր ԲԿԳ գործողությունների ծրագրով նախատեսված հետագա քայլերին: Քննարկման հիմնական թեման քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչերի հետագա համագործակցության հզորացման հնարավորություններն ու ԲԿԳ հայաստանյան ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ քայլերն էին: Համաժողովի ընթացքում հանրությանը ներկյացված ԲԿԳ գործողությունների ծրագիրը նախատեսված է մինչև 2014 թվականը, ուստի ծրագրով ստանձնած հանձնառությունների իրականացումը կշարունակվի նաև մինչև այս տարվա ավարտը:  

 Բաց կառավարման գործընկերություն - Հայաստան. միջազգային համաժողովի օրակարգը 

 Բաց կառավարման գործընկերության հայաստանյան Գործողությունների ծրագիրը 

 ՀՀ կառավարության հաշվետվությունը ԲԿԳ հայաստանյան Գործողությունների կատարման վերաբերյալ

 

← Վերադառնալ