Նորություններ, միջոցառումներ

ԻԱԿ-ի ջանքերի շնորհիվ հրապարակվեցին ստուգումների արդյունքները

20.12.2012

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետևողական ջանքերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի Շուկայի վերահսկողության պետական տեսչության բաժնում տեղադրվեցին տվյալ ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքները:

Նշենք, որ վերջին շրջանում շուկայի վերահսկողության պետական տեսչությունն իրականացրել էր աղմկահարույց ստուգումներ տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ պարենային ապրանքների, ծառայությունների, տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ, ինչի մասին սպառողը տեղեկատվություն էր ստանում միայն ԶԼՄ-ներից, այն էլ՝ ոչ ամբողջական:

ԻԱԿ-ը հարցմամբ դիմել է Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ պարոն Լևոն Խալիկյանին՝ խնդրելով հայտնել, թե որտե՞ղ և ի՞նչ կարգով է Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը հրապարակում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները:

Հարցմանն ի պատասխան հղում էր արվել նախարարության կայքի տվյալ բաժնին, որտեղ, սակայն, չկային այդ տեղեկությունները: ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ խնդրելով ապահովել, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայք-էջում տեղադրվի Շուկայի վերահսկողության պետական տեսչության վերաբերյալ` Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը:

2012թ. դեկտեմբերի 3-ի դրությամբ արդեն նախարարության կայք-էջի շուկայի վերահսկողության պետական տեսչության բաժնում տեղադրված են տվյալ ծառայության կողմից իրականացված 2011 և 2012թթ.. ստուգումների ամփոփ հաշվետվությունները, ստուգումների ընթացքում պահանջվող փաստաթղթերը, ստուգաթղթերի լրացման վերաբերյալ ուղեցույց, տեսչության հասցեն, հեռախոսահամարները, նաև՝ օրենսդրության փաթեթը, որի շրջանակներում աշխատում է նշյալ կառույցը: 

← Վերադառնալ