Նորություններ, միջոցառումներ

Հանրային լսում «Աջակցություն բաց կառավարման գործընկերությանը» ծրագրին ուղղված առաջարկների շուրջ

28.02.2019

«Աջակցություն բաց կառավարման գործընկերության» ծրագրի շրջանակներում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն ՀՀ կառավարության հետ միասին փետրվարի 26-ին իրականացրեց հանրային քննարկում (Town Hall) Վանաձոր քաղաքում ՀՀ կառավարության ստանձնած 11 հանձնառություններից 4-ի շուրջ, որոնք Բաց կառավարման գործընկերությանն (ԲԿԳ) ուղղված առաջարկներից էին։
Քննարկված հանձնառությունները վերաբերում էին ջրային և հողային ռեսուրսների կառավարմանը, պետպատվերի շրջանակում բուժօգնության տրամադրմանն ու ինտեգրված սոցիալական ծառայություններին։

Ջրային ռեսուրսների պետական կադաստր. Ջրային ռեսուրսների վերաբերյալ միասնական տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում հանձնառությունը շատ կարևորվեց հանրության կողմից, քանի որ ջրային ռեսուրսների սակավությունը, լինելով գլոբալ էկոլոգիական խնդիր, մեզանում բավարար հասկացված չէ ու օգտագործում ենք ջուրը առավելագույնս անարդյունավետ։

Ջրային ռեսուրսների կառվարումը՝ ըստ մասնակիցների, պետք է սկսել քաղցրահամ ջրերի քարտեզագրումից, որը բավականին թանկ հաճույք է, բայց առանց ջրային պաշարների գնահատման, անիմաստ է անցնել հաջորդ քայլերին, որոնք են ներքին ցանցերի բարեկարգումները, ջրային թույլտվությունների տրամադրման ու մերժման հրապարակայնությունը և այլն։

ՀՀ հողային կադաստրի հանրային հասանելիության ապահովում հանձնառությունը համարեցին քայլ առաջ դեպի կոռուպցիայի դեմ պայքարում, քանի որ հողային առք ու վաճառքները ու դրանց ոչ թափանցիկ կազմակերպումը մեր երկրի գերխնդիրներց է։

Հանրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարման, հանրային վստահության բարելավման, համապատասխան կառույցների հանրային հաշվետվողականության բարձրացման նպատակով անհրաժեշտ է ապահովել հողային կադաստրի և հողօգտագործման սխեմաների ու գոտիավորման փաստաթղթերի ամբողջական հասանելիությունը հանրությանը՝ քարտեզի միջոցով, որոնման հնարավորությամբ, ապահովելով անձնական տվյալների պաշտպանության ռեժիմը։

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար քաղաքացիների առցանց հերթագրման հնարավորություն հանձնառությունը ցավոտ խնդիրներից է մեր երկրի՝ կարծում էին քննարկման մասնակիցները։ https://www.armed.am/govlimits/ կայքի զարգացումը, առցանց հերթագրվելու հնարավորությունը շատ կարևոր են ծառայությունների թափանցիկության առումով՝ ապահովելով քաղաքացիների մասնակցությունը գործընթացին (առցանց հերթագրման հնարավորություն) խթանելով բժշկական կազմակերպությունների պատասխանատվությունը, բարձրացնելով քաղաքացիների վստահության մակարդակը։

Open & Social. ինտեգրված սոցիալական ծառայությունների մատչելիություն և իրազեկվածության բարձրացում հանձնառության քննարկումը մեծապես ծավալվում էր այն հարցի շուրջ, որ քաղաքացին գրեթե տեղեկացված չէ սոցիալական պաշտպանության ոլորտի ծառայություններից ու իրազեկման մեծ արշավներ պետք է իրականացնել այս նպատակով։ Քննարկման մասնակիցները կարևորեցին ներդրվող գործիքի հետադարձ կապի հնարավորությունը՝ միևնույն ժամանակ մտավախություն հայտնելով, որ սոցիալական ծառայություններից օգտվողներն այն շահառուները չեն, ովքեր համացանցի ու համակարգչի ակտիվ օգտագործողներ են, ուստի այդ հանգամանքը պետք է հաշվի առնել։

Այսպիսով՝ Թաուն հոլ քննարկման նպատակն էր հանդիպմանը մասնակից հյուսիսային մարզերի (Շիրակ, Տավուշ, Լոռի) ՏԻՄ-երի, ՓՄՁ-ների, ՔՀԿ ներկայացուցիչների ու պարզապես ակտիվ բնակիչների կարծքիներն ու առաջարկությունները ստանալ նշված հանձնառությունների իրականացման մեխանիզմների, հնարավոր զարգացումների ու փոփոխությունների վերաբերյալ։
 

← Վերադառնալ