Նորություններ, միջոցառումներ

ԲԿԳ Գործողությունների 4-րդ ծրագրի համատեղ մշակում

19.09.2018

Սեպտեմբերի 18-19-ին ՀՀ կառավարությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր ԲԿԳ Գործողությունների 4-րդ ծրագրի առաջարկների ամփոփման աշխատանքային քննարկում:   

Քնարկմանը մասնակցում էին տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամները, քաղհասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԲԿԳ նախաձեռնության գրասենյակի և Համաշխարհային բանկի միջազգային փորձագետներ: Հանդիպման նպատակն էր համատեղ քննարկել, մշակել և ամբողջացնել ԲԿԳ 4-րդ Գործողությունների ծրագրի համար ստացված առաջարկները:  

Առաջարկների հավաքագրման գործընթացը սկսվել էր դեռևս մարտ ամսից: Քաղաքացիական խմբերից առաջարկներ ստացվել էին ինչպես մարզային հանդիպումների, այնպես էլ առցանց հարթակի միջոցով: Պետական տարբեր գերատեսչություններ իրենց հերթին ևս ուղարկել էին առաջարկներ: Ընդհանուր շուրջ 90 առաջարկներից մի քանի նախորդող քննարկումների արդյունքում այս հանդիպմանը ներկայացվեց շուրջ 40 առաջարկ:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ, ԲԿԳ քարտուղար Լիլիա Աֆրկյանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը: Լիլիա Աֆրկյանը նշեց, որ 3-րդ գործողությունների ծրագրի համար ընտրված 8 հանձնառություններից 7-ը  կատարվել են:  Ամփոփելով երրորդ գործողությունների ծրագրում իրականացրած աշխատանքների արդյունքները նրանք մաղթեցին արդյունավետ քննարկում:

ԲԿԳ գրասենյակի Խաղաղ-օվկիանոսյան տարածաշրջանի համակարգող Շրեյա Բասուն ողջունելով ներկաներին նախ ներկայացրեց ԲԿԳ մշակած այն հիմնական չափորոշիչները, որոնցով պետք է առաջնորդվել առաջարկները ընտրելիս: Ըստ դրանց կարևոր է առաջարկներում վեր հանված խնդիրը, դրա կարևությույունը և լուծմանն ուղղված քայլերի արդյունավետությունը: «Առաջարկությունը քննարկելիս նախ պետք է հասկանալ խնդրի առաջնայնությունը, ապա՝ խնդրի լուծման արդյունքում դրա բերած փոփոխությունները, արդյունքը, թե կոնկրետ ինչ կփոխվի քաղաքացիների կյանքում դրանով»,-  նշեց Շրեյա Բասուն: 

Մասնակիցները իսկապես կարևորեցին ցանկացած առաջարկ դիտարկել հանրության, կառավարման համակարգում մեծ, դրական փոփոխություններ և ազդեցություն ունեցող արժեքների առկայության տեսանկյունից: 

Այս առումով կարևորեվեցին հատկապես ԻԱԿ-ի, Թրանսփերանսի Ինթերնեշնլ-Հայաստանի և հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից ներկայացված Իրական սեփականատերերի բացահայտման ռեգիստրի մշակման և գործարկման վերաբերյալ առաջարկը, Ջրային, հողային և անտառային ռեսուրսների, կրթության և առողջապահության ոլորտների թափանցիկությանն ուղղված առաջարկները:  

Երկօրյա քննարկումների ընթացքում առաջարկները խմբավորվեցին նախ երեք մեծ խմբերի մեջ՝ Թափանցիկության ապահովում, Հակակոռուպցիոն և Հանրային մասնակցություն և մոնիտորինգ: Այնուհետև յուրաքանչյուր առաջարկ քննարկվեց առանձին-առանձին: Արդյունքում մի շարք առաջարկներ միավորվեցին որպես մեկ հանձնառություն, ինչպես օրինակ գույքի և եկամուտների հայտարարագրերին վերաբերող,  վարկային միջոցների հրապարակայնության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված առաջարկները:

Ամփոփելով քննարկումները Լիլիա Աֆրիկյանը տեղեկացրեց հետագա քայլերի և Գործողությունների ծրագրի վերջնական նախագծի ներկայացման ժամկետների մասին: «Այսօրվա քննարկումները նախ կամփոփվեն և առաջարկները կվերախնբագրվեն, արդյունքում առաջարկների նոր, խմբավորված փաթեթը կներկայացվի պետական համապատասխան գերատեսչություններին, այնուհետև քաղհասարակության քննարկմանը: Գործողությունների ծրագրի նախագիծը կքննարկվի ԲԿԳ աշխատանքային խմբում և վերջնական հավանության արժանանլուց հետո, հոկտեմբերին կներկայացվի կառավարության հաստատմանը»,-  նշեց ԲԿԳ աշխատանքային խմբի քարտուղար Լիլիա Աֆրիկյանը: 

Միջոցառումն իրականացվել էր «Աջակցություն ԲԿԳ հայաստանյան գործընթացներին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ԲԿԳ Գլխավոր գրասենյակի և Թայդս Կենտրոնի աջակցությամբ: 

 

   

 

← Վերադառնալ