Նորություններ, միջոցառումներ

Աշխատանքային քննարկում Կառավարության եվ ՔՀԿ ներկայացուցիչների հետ

08.08.2016

ԲԿԳ գործողությունների երկրորդ ծրագրի 11 հանձնառությունների ամփոփման և երրորդ ծրագրի 8 հանձնառությունների ներկայացման նպատակով ԻԱԿ-ը 2016 թ.-ի օգոստոսի 5-6-ը կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որին ներկա էին ներկայացուցիչներ ԱՄՆ-ի դեսպանատնից, կառավարությունից, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպություններից:

Քննարկման առաջին օրը ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՄՆ-ի դեսպանատան մամլո կցորդ Ջոհն-Ջեյք Գոշերթը, ով կարևորեց կառավարության և քաղհասարակության համագործակցությունը ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: Այնուհետև ԻԱԿ-ի նախագահ Լիանա Դոյդոյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու Արամ Ասատրյանը ամփոփ ներկայացրին ԲԿԳ գործողությունների երկրորդ ծրագրի հանձնառություններն ու իրականացման ընթացքը: 

Օրակարգի կարևոր հարցերից էր հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության ապահովմանն ուղղված հանձնառությունների ներկայացումը, որը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի փորձագետ Լուսինե Թովմասյանի կողմից: Այնուհետև Համաշխարհային բանկի հայսատնյան գրասենյակի ներկայացուցիչ Նարինե Թադևոսյանը հավելեց ԲԿԳ ԳԾ-ի երկրորդ հանձնառությամբ՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն (EITI) միջազգային կազմակերպությանն անդամագրվելու հայտ ներկայացնելու գործընթացի վերաբերյալ տեղեկությունները. ՀՀ կառավարության աշխատակազմն ԱՃԹՆ-ին միանալու աշխատանքների շրջանակներում Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացրել է մի շարք մարզային հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպումների նպատակն էր իրազեկել և քննարկել ԱՃԹՆ-ին Հայաստանի միանալու գործընթացը, ներկայացնել ԱՃԹՆ-ի դերը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում, դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա և հնարավոր ուղիները, Նշվեց նաև, որ արդեն ձևավորվել և հաստատվել է ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի (ԲՇԽ) կառուցվածքը, անդամների թիվն ըստ խմբակցությունների, ԲՇԽ-ի հիմնական գործառույթները: 

Առողջապահության ոլորտի հանձնառությունների ներկայացումը կատարվեց ՀՀ ԱՆ ՊԱԳ Բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի պետ Արմինե Շահվերդյանի կողմից: Նա նշեց, որ հանձնառությունն ամբողջապես իրականացվել է, բարելավվել է www.sha.am կայքը, որտեղ և հրապարակվում են և պարբերաբար ավելացվում առողջապահական ոլորտին վերաբերող ֆինանսական հաշվետվությունները:

Համայնքների թափանցիկությանն ու հանրային մասնակցությանը վերաբերող հանձնառությունների ներկայացումն ու քննարկումը ծավալվեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Նատալյա Հարությունյանի և ՀՀ կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի կողմից:

Քննարկման երկրորդ օրր ներկայացվեցին և ամփոփվեցին ԲԿԳ գործողությունների երկրորդ ծրագրի մյուս հանձնառությունները, որից հետո Լիանա Դոյդոյանը և Արամ Ասատրյանը ներկայացրին ԲԿԳ գործողությունների երրորդ ծրագրի ութ հանձնառությունները: 

Երկօրյա քննարկման ամփոփման արդյունքում ներկաները հայտնեցին, որ ակնկալում են աշխատանքային խմբի առավել ակտիվ համագործակցություն: Ներկաների մտահոգությունը հիմնականում կապված էր որոշ հանձնառությունների թերացման և չիրականացման հետ, որոնց պատճառները ռեսուրսների սահմանափակությունն ու ֆինանսական միջոցների սղությունն էին: Խնդիրներից մեկն էլ հանրության տեղեկատվության պակասն է, քանի որ հասարակությունն ունի մի լծակ, որից անտեղյակ է: Այնուամենայնիվ հարկ է նշել, որ հանձնառությունների իրականացման գործընթացում աճը նկատելի է:

ԻԱԿ-ի նախագահ Լիանա Դոյդոյանը ամփոփեց քննարկումը` կարևորելով հանրային իրազեկման գործոնը, և նշեց, որ տեղեկատվական բաց դեռևս կա: ԻԱԿ-ի նախագահը կարևորեց նաև քաղաքացիական հասարակության ակտիվությունը, քանի որ հանձնառությունների իրականացման հանդեպ հետևողականությունը կհանգեցնի սպասված և ցանկալի արդյունքին:

Միջոցառումը կազմակերպվել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակությունը բաց և հաշվետու Կառավարության համար» ծրագրի շրջանակներում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
 

← Վերադառնալ