Նորություններ, միջոցառումներ

Հասարակությունն ունի վերահսկողության միջոց, որից տեղյակ չէ

14.09.2015



Արդարադատության փոխնախարարի սեղանին արդեն մի քանի ամիս նույն փաստաթուղթն է. այն մինչեւ ամսվա վերջ պետք է ներկայացնի կառավարություն: Գործադիրի դրական եզրակացության դեպքում բոլոր նախարարները կունենան նոր գործընկերներ՝ կից հանրային խորհրդի տեսքով: Նրանք առանց խոչընդոտի գոնե 2 ամիսը մեկ պետք է թակեն նախարարների դռներն՝ այդ ոլորտում կարեւոր որոշումները միասին կայացնելու նպատակով:

Սա «Բաց կառավարման գործընկերություն» կոչվող նախաձեռնության գլխավոր սկզբունքներից մեկն է: «Նախագծի կարեւորությունը կայանում է նրանում, որ նույն «Բաց կառավարման գործընկերության» սկզբունքները ներդրվում են յուրաքանչյուր նախարարության մակարդակում: Յուրաքանչյուր նախարարությունում, այդ նույն կարգի համաձայն, պետք է ստեղծվեն նախարարին կից խորհուրդներ, ընդ որում, դրանք պետք է ամբողջությամբ բաղկացած լինեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից: Դա կլինեն ՀԿ-ներ, լրատվամիջոցներ, ինչու չէ նաեւ ոլորտում դերակատարում ունեցող անձինք եւ նրանք պարբերաբար ոչ պակաս քան 2 ամիսը մեկ կհավաքվեն եւ նախարարի հետ կքննարկեն ոլորտին վերաբերող կարեւորագույն զարգացումներն, օրինագծերը, քաղաքականություններն ու ռազմավարությունը»,- ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Որպեսզի կառավարության որոշումներին մասնակից լինեն նաեւ քաղաքացիները՝ Հայաստանը 4 տարի առաջ միացավ «Բաց կառավարման գործընկերությանը»:

Հիմա աշխարհի 65 երկիր որոշել է ավելի թափանցիկ լինել իր քաղաքացիների առաջ՝ հասարակական կառույցների հետ աշխատելով: Առաջին գործողությունների ծրագիրը մեր երկիրն ավարտել է, երկրորդը՝ ընթացքի մեջ է: «Շատ կարեւոր է, մենք պետք է ապահովենք դրա շարունակականությունը, որովհետեւ սա մի գործիք է, որով կառավարությունը կարող է իր գործունեությունն ավելի թափանցիկ, ավելի արդյունավետ դարձնել եւ ցույց տալ գործընկերներին ու հասարակությանն իր աշխատանքի արդյունքները եւ բարձրացնել վստահությունը կառավարության քաղաքականության ծրագրերի նկատմամբ: Որովհետեւ ինչքան շատ մենք շահառուներին ներգրավում ենք, այնքան իրենք շահագրգիռ են դառնում նշված քաղաքականության իրականացմանը»,- ասել է Սուրեն Քրմոյաը:

Նախաձռենության հենց սկզբում կառավարության հետ համընթաց Հայաստանում նախաձեռնություն-ծրագիրը կյանքի կոչեց նաեւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը». այստեղ հիմա պատրաստվում են հրապարակել ծրագրի այս փուլի գլխավոր վերլուծականը: Կառավարությունից պատասախանատուն աշխատակազմն է, աշխատանքային խմբում՝ շուրջ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ: Որպես հաջողված ծրագիր՝ խմբի անդամները մի քանի ծրագիր են առանձնացնում: Դրանցից ոչ մեկի մասին, սակայն, հասարակությունն, ըստ էության տեղյակ չէ ու սա նախաձեռնության գլխավոր ձախողումն է: «Համատեղ աշխատում են, սակայն նախաձեռնությունը չի հանրայնացվում»,- ասել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանը:

Այս նախաձեռնությանը զուգահեռ «Թրանսպարենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունը մշակեց հանքարդյունաբերության ոլորտի վրա լույս սփռող ծրագիր: Սակայն ղեկավար Վարուժան Հոկտանյանը մտահոգություն ունի՝ չի բացառվում, որ այն այդպես էլ մնա թղթի վրա ձեւակերպված: Մինչդեռ ծրագրով հնարավոր կլինի վերահսկել ամբողջ հանքարդյունաբերության դաշտը: «Բաց կառավարման գործընկերության» աշխատանքներում ընդամենը մի քանի նախարարություններ են հիմա ակտիվ: Սակայն սա միայն ՀԿ-ների էնտուզիազմի գործ չէ: Հույսը դնելով ՀԿ-ների վրա՝ կառավարական համակարգում մի շարք խնդիրներ այդպես էլ մնում են հասարակության համար քողարկված: Մինչդեռ կառավարման համակարգի անթափանց վարագույրը հնարավոր է շարժել՝ միայն երկու կողմերից քաշելով:

Աղբյուրը՝ http://www.yerkirmedia.am/
© Երկիրմեդիա  

← Վերադառնալ