Նորություններ, միջոցառումներ

Հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել է ՀՀ նախարարին կից ստեղծվելիք հանրային խորհրդի աշխատակարգը

23.08.2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը օգոստոսի 21-ին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է «ՀՀ նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:

Հաշվի առնելով այն, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստում քննարկվել էին քաղաքականության մշակմանը քաղաքացիական հասարակության մասնակցության հիմնախնդիրները, հանդիպումը նպատակ ուներ քաղ. hասարակության ներկայացուցիչների հետ քննարկել և վերջնականացնել «ՀՀ նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի տեքստը: Հանդիպմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների «Հանրային ցանցը» ներկայացնող և գործընկեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Արազա» «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միույթուն», «Դալմա», «Հայաստանի Ասորիների միություն», «Մոր և մանկան առողջության դաշինք», «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քննարկման ընթացքում, անդրադառնալով ՀԿ-ներին հետքարքրող մի շարք հարցերին, Սուրեն Քրմոյանը ներկայացրել է ՀՀ նախարարին կից ձևավորվելիք հանրային խորհրդի և արդեն իսկ գոյություն ունեցող կոլեգիաների տարբերությունը՝ ընդգծելով, որ ի տարբերություն կոլեգիայի՝ հանրային խորհրդում ներգրավված են լինելու բացառապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք հնարավորություն են ունենալու որևէ գլոբալ խնդրի առնչությամբ, առանց միջնորդ օղակների, քննարկել և նախարարին ներկայացնել իրենց տեսակետներն ու առաջարկությունները նախարարության կողմից մշակվող ռազմավարական ծրագրերի և իրավական ակտերի վերաբերյալ՝ այդպիսով մասնակից դառնալով տվյալ գերատեսչության ոլորտային քաղաքականության իրականացմանը: Սուրեն Քրմոյանը տեղեկացրել է, որ Նախարարին կից հանրային խորհուրդը կազմված է լինելու առնվազն 15 անդամից, որից 1/3-ը 2 տարին մեկ ենթարկվելու է պարտադիր ռոտացիայի (փոփոխման)` վիճակահանությամբ:

Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվելու է այն անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և իրականացվող գործառույթներին: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հանրային խորհրդում այլ շահագրգիռ անձանց ներգրավելուն, խորհրդի անդամ դառնալու համար ներկայացվող դիմումի ընթացակարգին, դրա մերժման հիմքերին, նիստերի պարբերականությանը վերաբերող մի շարք հարցեր, որոնց բոլորին էլ տրվել են սպառիչ պատասխաններ:

Քննարկման ավարտին նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հորդորել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մինչև 2015 թվականի օգոստոսի 24-ը գրավոր տեսքով Արդարադատության նախարարություն ներկայացնել առաջարկություններ ու առարկություններ՝ իրենց հիմնավորումներով. դրանք կամփոփվեն, կներառվեն նախագծում, որից հետո այն կներկայացվի ՀՀ կառավարություն: 

Մինչ քննարկումը ներկայացված առաջարկությունների ամփոփաթերթ

Աղբյուրը՝ ՀՀ արդարադատության նախարարություն

← Վերադառնալ