Նորություններ, միջոցառումներ

Գորիսի քաղհասարակությանը ներկայացվեց ԲԿԳ նախաձեռնությունն ու այն մշտադիտարկելու հնարավորությունները

25.10.2014

Գորիսի մամուլի ակումբում հոկտեմբերի 24-ին անցկացվեց «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնություն» թեմայով դասընթաց-քննարկում: Միջոցառումը կազմակերպվել էր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի ջանքերով` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Միջոցառման նպատակն էր բարձրացնել տեղի քաղաքացիական հասարակության իրազեկվածության մակարդակը «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) միջազգային նախաձեռնության վերաբերյալ և ապահովել նրանց ակտիվ ներգրավվածությունը ԲԿԳ հայաստանյան գործընթացում:

Միջոցառման դասընթացավար, ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանի խոսքով` թեպետ Հայաստանը ԲԿԳ նախաձեռնությանը միացել է դրա ստեղծումից երեք ամիս անց, պետք է արձանագրել, որ այսօր քաղաքացիական հասարակությունն ակտիվ ներգրավված չէ ԲԿԳ տեղական գործողությունների ծրագրի մշակման և քննարկման գործընթացում:

«Այսպիսի քննարկումները ցույց են տալիս, որ մարզերի ՀԿ-ները հիմնականում տեղեկացված չեն ԲԿԳ նախաձեռնության մասին, կամ թռուցիկ լսել են նման մի բան: Այնինչ ԲԿԳ սկզբունքներից է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության ապահովումը ինչպես ԲԿԳ գործողությունների ծրագրերի մշակման, ընթացիկ քննարկումների, այնպես էլ գործողությունների իրականացման գործընթացում»,- նշել է Դեհերյանը:

Գորիսի դասընթաց-քննարկմանը մասնակցում էին տեղի քաղաքացիական հասարակության 25 ներկայացուցիչներ, որոնց ներկայացվեց ԲԿԳ նախաձեռնության ստեղծման նախապատմությունն ու միջազգային փորձը, ինչպես նաև այս գործընթացում Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցեր: Մասնակիցների հետ քննարկվեցին ԲԿԳ/Հայաստան 2014-2016 թթ. գործողությունների ծրագրում առկա բոլոր 11 պարտավորությունները, դրանց թույլ և ուժեղ կողմերը, կարևորությունն ու արդյունավետությունը և այն, թե ինչպես կարող են մարզային ՀԿ-ները մշտադիտարկել ԲԿԳ/Հայաստան ծրագրի ընթացքը:

Քննարկման շրջանակներում մասնակիցներին տրամադրվեց անհրաժեշտ էլեկտրոնային գրականություն այս նախաձեռնությանն ավելի մանրամասն ծանոթանալու և գործընթացում ներգրավվելու նպատակով, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել համատեղ տվյալների բազա` ՀԿ-ների միջև առավել արդյունավետ համագործակցություն ապահովելու համար:

Նշենք, որ 2014 թ-ի սեպտեմբերից ԼՀԱ-ն մեկնարկել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնություն» թեմայով դասընթաց-քննարկումների շարք Հայաստանի մարզերում: Նախատեսվում է նմանատիպ 7 դասընթաց-քննարկումների շարք կազմակերպել Հայաստանի տարբեր քաղաքներում` մասնակից ՀԿ ներկայացուցիչներին տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ և գրականություն ԲԿԳ միջազգային նախաձեռնության, ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների և դրանց իրականացման գործընթացի վերաբերյալ, հետաքրքրություն առաջացնել մարզային ՀԿ-ների շրջանում` իրականացնելու ԲԿԳ գործողությունների ծրագրի վերաբերյալ սեփական մշտադիտարկումները, ինչպես նաև աջակցել հետագայում հանդես գալ նախաձեռնության սկզբունքներին համահունչ առաջարկություններով:

«Բաց կառավարման գործընկերությունը» նախաձեռնությունը ստեղծվել է 2011 թ-ին` 8 երկրների համատեղ ջանքերով` ԱՄՆ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն: Այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ձևավորել առավել թափանցիկ և պատասխանատու իշխանություններ:

Աղբյուր` JNews.am

 

← Վերադառնալ