Նորություններ, միջոցառումներ

ԲԿԳ երկրորդ Գագաթաժողով. 31 հոկտեմբեր - 1 նոյեմբեր, 2013, Լոնդոն

03.11.2013

2013 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Լոնդոնում տեղի ունեցավ Բաց կառավարման գործընկերության երկրորդ Գագաթաժողովը: Ավելի քան 1000 ներկայացուցիչներ 70 երկրներից մասնակցեցին գագաթաժողովին: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը: Պատվիրակության կազմում էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տիգրան Գևորգյանը, ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ Արման Հակոբյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր անդամ Լիանա Դոյդոյայնը:

Գագաթաժողովի հիմնական նպատակն էր ի մի բերել ԲԿԳ գործունեության առաջին երկու տարիների արդյունքները, մասնավորապես՝ գործողությունների ազգային ծրագրերով նախատեսված հանձնառությունների կատարումը, քննարկել գործողությունների նոր ծրագրերի մշակման հետ կապված հարցերը, կառավարության գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովման մեխանիզմները, նախաձեռնության շրջանակներում կառավարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխգործակցության արդյունավետության բարձրացման հեռանկարները: 

Լոնդոնյան գագաթաժողովի մասնակիցները, ներառյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, բիզնեսմեններ և պաշտոնյաներ, հավաքվել էին միասին քննարկելու բաց կառավարման լավագույն նախաձեռնությունները, ներկայացնելու իրենց երկրների փորձը, ձեռքբերումները և առաջարկելու խնդիրների լուծման արդյունավետ ճանապարհները:

Բացման արարողությանը ելույթ ունեցավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը, ով իր խոսքում շեշտեց կառավարությունների թափանցիկ և հաշվետվու լինելու կարևորությունը` որպես երկրների զարգացման և բարգավաճման լավագույն խթան. "Բաց կառավարման գործընկերությունն օգնում է թափանցիկության հեղափոխությունը տարածել ամբողջ աշխարհում և ես մեծապես հպարտ եմ, որ Բրիտանիան այս նախաձեռնության հիմնադրման ակունքներում է..."-նշեց Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Գագաթաժողովի տարբեր նիստերում անդամ երկրները ներկայացրին իրենց փորձը, հաջողությունները և խնդիրները: Առանձին նիստերում քննարկվեցին տեղեկատվության մատչելիության հարցերը, կոռուպցիայի դեմ ուղղված քայլերը: Անդամ երկրների կառավարությունների ներկայացուցիչները մամուլին և քաղհասարակությանը ներկայացրի նոր Գործողությունների ծրագրերում ներառված հանձնառություններից մի քանիսը: Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԳՆ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը խոսեց ԲԿԳ հայաստանյան նոր գործողությունների ծրագրում ներառված հանքարդյունաբերության էլեկտրոնային շտեմարանի ներդրման մասին: Հատուկ անդրադարձ կատարվեց Հայաստանի 2014-16 թթ. կարեւորագույն հանձնառություններից մեկին՝ հանքարդյունաբերության բաց շտեմարանի ստեղծմանը, որի նպատակն է թվայնացնել եւ հասարակությանը հասու դարձնել ՀՀ երկրաբանական գործակալության արխիվներն ու տվյալները: Հանձնառությունն արձագանքում է առաջիկա տարիների համար ԲԿԳ գործընթացում հայտարարված հինգ առաջնայնություններից մեկին՝ բնական պաշարների օգտագործման ոլորտում թափանցիկության ապահովմանը: Նախարարի տեղակալ Հովակիմյանը նաեւ շեշտեց, որ ՀՀ կառավարությունն անելու է ամեն հնարավորը՝ ԲԿԳ գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավման ծավալն ու արդյունավետությունն ընդլայնելու համար: 

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին, կարևորելով կառավարման համակարգի բաց և թափանցիկ լինելը, վեր հանեցին այն խնդիրները, որոնք այսօր նպաստում են կոռոպցիայի տարածմանը: Հիմնական շեշտը դրվեց այն բանի վրա, որ քաղաքացիական հասարակույունը պետք է պահանջատերը լինի և մշտապես հսկող դերում լինի: Մասնակիցները կոչ արեցին հասարակական կազմակերպություններին համագործակցել կառավարության հետ, պարբերաբար վեր հանել հանրությանը հուզող հարցերը կառավարման տարբեր մակարդակներում և դրանց լուծման իրենց տարբերակներն առաջարկել: "Աշխատանքը պետք է ընթանա ոչ միայն ԲԿԳ շրջանակներում, ոչ միայն կառավարություններում, այլ նաև քաղաքացիական հասարակության մեջ: Մենք բոլորս ենք բաց կառավարման խթանողը",- նշեց ԲԿԳ քաղաքացիական հասարակության համակարգող Փոլ Մաասենը:

Ամփոփելով համաժողովի արդյունքները Մեծ Բրիտանիայի կառվարության աշխատակազմի ղեկավար Ֆրանսիզ Մաուդը փակման ելույթում նշեց, որ Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնությունը քաղաքացիական հասարակության հետ համագործակցության այն ամուր հիմքն է, որն ուժեղացնում է կառավարման համակարգի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Նա կարևորեց երկրների գործողությունների ծրագրերի նոր հանձնառությունները, մասնավորապես շեշտելով Հայաստանում հանքարդյունաբերության էլեկտրոնային շտեմարանի ներդրման, Մոլդովայում տվյալների մատչելիության քաղաքականության մշակման, Վրաստանում տեղեկատվության ազատության և ՏԱ էլեկտրոնային հարցումների էլեկտրոնային շտեմարանի ստեղծման գործընթացները:

ԲԿԳ նախաձեռնությունը հիմնադրվել է երկու տարի առաջ` 2011թվականին 8 երկրների կողմից (Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ): Այս նախաձեռնությանն այսօր արդեն միացել է 61երկիր: Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է նախաձեռնությանը 2011-ի նոյեմբերին: ԲԿԳ հռչակագրում ասվում է, որ այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ունենալ առավել թափանցիկ և պատասխանատու իշխանություններ:

ԲԿԳ լոնդոնյան համաժողովի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ԲԿԳ պաշտոնական կայքում` http://www.opengovpartnership.org/.

← Վերադառնալ