Նորություններ, միջոցառումներ

Անպատասխան հարցումները դեռեվս լուրջ խնդիր են. Շուշան Դոյդոյան

14.06.2013

Տեղակատավության ազատությունը ԲԿԳ հայաստանայան ծրագրի հիմնական ուղղություններից է: Հունիսի 14-ին Երևանում անցկացված «Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան» առաջին միջազգային համաժողովի կազմակերպիչները ոլորտին առնչվող հիմնախնդիրների քննարկման առանձին նստաշրջան էին նախատեսել: Նստաշրջանն իր ելույթով բացեց "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը:

ԻԱԿ նախագահը, կարևորելով տեղեկատվության ազատության ոլորտի բարեփոխումները, հիմնական շեշտը դրեց ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված աշխատանքների վրա: Շուշան Դոյդոյանը նշեց, որ չնայած 2004 թ.-ի տվյալների համեմատ առաջընթացն ակնհայտ է, սակայն տեղեկություն ստանալու անպատասխան հարցումների հարցը այսօր էլ շարունակում է լուրջ խնդիր մնալ: Նրա խոսքերով կարևոր է հստակեցնել, որ հատկապես վերջին տարիներին մերժումների քանակական նվազումը հիմնականում "լրացվում են" թերի, ոչ լիարժեք պատասխանների միջոցով: Շ. Դոյդոյանը կոչ արեց պետական մարմիններին չսպասել հարցումներին, այլ հանրության համար հետաքրքրություն և կարևորություն ներկայացնող տեղեկությունները հրապարակել նախապես:

"Հարկ է գիտակցել, որ տեղեկատվության ազատության ոլորտն անընդհատ վերանայման, թարմացման և ադապտացման կարիք ունի: Վերջերս մեր կազմակերպությունը վերապատրաստեց ՀՀ պետական մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումներում աշխատող շուրջ 8 տասնյակ քաղծառայողի: Ուշագրավ է, որ նրանց 98.5%-ը դասընթացի գնահատման թերթիկում խոստովանել են, որ այս ոլորտում վերապատրաստվելու, նոր գիտելիքներ ստանալու կարիք ունեն: Այս ցուցանիշը միայն հաստատում է, որ անգամ ոլորտում ներգրավված մասնագետները ժամանակ առ ժամանակ կանգնում են օրենքի կիրառմանն առնչվող խնդիրների առաջ, որոնց լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր են պահանջվում":

Բանախոսի կարծիքով այդօրինակ խնդիրներից է նաև էլեկտրոնային հարցումներին պատասխանելու միասնական կարգի մշակումը: Համընդհանուր աշխատաձևի բացակայության պայմաններում պետական մարմիններից յուրաքանչյուրն աշխատում է յուրովի՝ երբեմն էլ կարգի բացակայությամբ արդարացնելով որոշ հարցումներ անպատասխան թողնելու հանգամանքը:

ՀՀ Կառավարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ռոզա Վարդանյանն ի պատասխան բարձրացված հարցի նշեց, որ ԲԿԳ հայաստանյան գործողությունների ծրագրով նախատեսվում է նաև իրականացնել պետական պաշտոնական կայքերի ստանդարտացում: Կառավարության ներկայացուցիչը վստահեցրեց, որ այս խնդիրը կարգավորող իրավական ակտի կիրառումը ավտոմատ կերպով իրավական լուծում կտա նաև էլեկտրոնային հարցումներին պատասխանելու գործընթացին առնչվող խնդիրներին: 

← Վերադառնալ