Նորություններ, միջոցառումներ

Հայաստանը Բրազիլիայում ներկայացրեց Բաց կառավարման գործընկերության ՀՀ գործողությունների ծրագիրը

19.04.2012



2012 թվականի ապրիլի 17-ից 18-ը Բրազիլիայի մայրաքաղաքում կայացավ Բաց կառավարման գործընկերության առաջին տարեկան հավաքը, որին մասնակցեց նաև ՀՀ պատվիրակությունը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը ներկայացրեց Հայաստանի գործողությունների ծրագրի հիմնական դրույթները:

Բաց կառավարման գործընկերության տարեկան հավաքին ներկա էին ավելի քան 60 անդամ երկրների 800 ներկայացուցիչ և շուրջ 200 հասարակական կազմակերպություններ: Հանդիպման բացման արարողությանը ելույթ ունեցան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Վրաստանի վարչապետ Նիկա Գելաուրին, Տանզանիայի նախագահ Ջակատա Կիկուետեն և Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, որոնք ներկայացրին այս լայնածավալ նախաձեռնության հիմնական խնդիրներն ու հետագա անելիքները:

Այնուհետև անդամ երկրները առանձին խմբերով ներկայացրին իրենց գործողությունների ծրագրերը և բաց կառավարմանն ուղղված պարտավորությունները, որոնք կիրականացվեն 2012-2014 թվականների ընթացքում: Հարավային Կովկասի խմբում ներգրավված երեք երկրները՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մանրամասն ներկայացրին գործողությունները ծրագրերը: ՀՀ գործողությունների ծրագրի հիմնական նպատակների, ուղղությունների և պարտավորությունների մասին խոսեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար, ԲԿԳ հայաստանյան աշխատանքային խմբի ղեկավար Աշոտ Հովակիմյանը: Նա իր ելույթում շեշտեց, որ "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը միանալու որոշումն արտահայտում է Հայաստանի պատրաստակամությունն առավել թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովել հանրային ծառայություններ մատուցելիս: "Օրենքի գերակայությունը և արդյունավետ կառավարման ամրապնդումը պետության առաջնայնությունն է, և վերջին տասնամյակի ընթացքում երկրի իշխանությունն այս ուղղությամբ մի շարք միջոցառումներ է իրականացրել: Հայաստանի գործողությունների ծրագրի հիմնական դրույթները նպատակաուղղված են Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը. հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացում, Էլեկտրոնային կառավարման զարգացում, գնումների գործընթացի կատարելագործում և թափանցիկության ապահովում, տեղեկատվության ազատության և մատչելիության բարելավում, պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերի հրապարակայնացում, կոռուպցիայի դեմ պայքար և այլն":

"Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի փորձագետ, ԲԿԳ հայաստանյան աշխատանքային խմբի անդամ Լիանա Դոյդոյանը ներկաներին տեղեկացրեց, որ հայաստանյան գործողությունների ծրագրի մշակման աշխատանքային խմբում ներգրավված են եղել քաղաքացիական հասարակության 8 ներկայացուցիչներ, որոնց ներկայացրած բոլոր առաջարկները ներառվել են փաստաթղթում: "Մասնավորապես, Ինֆորմացիայի ազատության կենտրոնն առաջարկել էր բաց կառավարմանն ուղղված երկամյա ծրագրում ընդգրկել ավելի քան 10 կետ, որոնք հիմնականում ուղղված են պաշտոնական ինտերնետային կայքերի բովադակության և դրանցում հրապարակվող տեղեկատվության, տեղեկատվության ազատության ոլորտում պաշտոնյաների գիտելիքի և հմտությունների բարելավմանը, պաշտոնյաների գույքի և եկամտի հայտարարգրերի հրապարակայնության ապահովմանը և այլն", - նշում է Լիանա Դոյդոյանը:

Վրաստանի և Ադրբեջանի գործողությունների ծրագրերը ներկայացրին համապատասխանաբար Վրաստանի Արդարադատության փոխնախարար Գեորգի Վաշաձեն և Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը: Այս երկու երկրներն էլ բավականին մեծ պաշտոնական պատվիրակությամբ էին ժամանել Բրազիլիա: Վրաստանի վարչապետի գլխավորությամբ ներկայացված պատվիրակությունն ամենաներկայանիներից էր այստեղ: Ադրբեջանի պաշտոնական պատվիրակությունը 15 անդամից էր բաղկացած:

Վրաստանի արդարադատության փոխնախարարը իր ելույթում պատմեց, որ հանրությանը ծառայություններ մատուցելու համար Վրաստանը կիրառելու է այսպես ասած մեկ պատուհանի սկզբունքը. քաղաքացիներին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի և գործարքների համար մարդիկ այցելելու են մեկ միասնական կենտրոն: Ադրբեջանի ծրագիրը կազմում է 21 էջ, որը պահանջված չափից կրկնակի ավել էր: Այստեղ խնդիրների մեջ ներառնված էին կոռուպցիայի և քրեական հանցագործությունների դեմ պայքարը, հանրային կառավարման խթանմանն ուղղված միջոցառումները և այլն: Նախարարի ելույթին հաջորդած "Ազգային բյուջեի խումբ" ՀԿ ներկայացուցիչ Գալիբ Աբասզադեն իր խոսքում քննադատեց Ադրբեջանը՝ կոռուպցիայի մասով, ինչը անպատասխան չթողեցին նախարարն ու դահլճում եղած ադրբեջանցի պաշտոնյաները:

Ժուռնալիստների "Ասպարեզ" ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի այն հարցին, թե երեք երկրներում ովքեր, ինչ մարմիններ կամ գերատեսչություններ են պատասխանատու լինելու գործողությունների ծրագրերի իրականացման համար, ՀՀ ԱԳՆ փոխնախարար Ա. Հովակիմյանը պատասխանեց, թե այդ գործողությունները տարբեր գերատեսչություններ են իրականացնելու, Վրաստանի արդարադատության փոխնախարարը պատասխանեց գրեթե նույնկերպ, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը բացատրեց, որ Ծրագրի յուրաքանչյուր կետով կոնկրետ գերատեսչություններ կամ նախարարություններ են զբաղվում, բայց գլխավոր ղեկավարը Ադրբեջանի նախագահն է:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին կարևորեցին գործողությունների ծրագրի հետագա իրականացումը և քաղաքացիական վերահսկողությունը իշխանությունների ստանձնած այս պարտավորությունների նկատմամբ:

Բաց կառավարման գործընկերությունը ստեղծվել է 2011-ին սեպտեմբերին՝ 8 երկրների նախաձեռնությամբ (Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ): Այս նախաձեռնությանն այսօր արդեն միացել է ավելի քան 60 երկիր: Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է նախաձեռնությանը 2011-ի նոյեմբերին: ԲԿԳ հռչակագրում ասվում է, որ այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ունենալ առավել թափանցիկ և պատասխանատու իշխանություններ:  

← Վերադառնալ