Նորություններ, միջոցառումներ

"Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնության շրջանակներում ՀՀ Գործողությունների ծրագրի ներկայացում

11.04.2012

2012 թվականի ապրիլի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնության շրջանակներում ՀՀ Գործողությունների ծրագրի պաշտոնական ներկայացումը: Միջոցառմանը ներկա էին Գործողության ծրագիրը մշակած աշխատանքային խմբի անդամները, Հայաստանում ԱՄՆ և Բրազիլիայի դեսպանությունների ներկայացուցիչները:

Փոխնախարար Աշոտ Հովակիմյանը մանրամասն ներկայացրեց իր գլխավորած աշխատանքային խմբի գործունեությունը, հատուկ շեշտելով, որ խմբում հավասարապես ընդգրկված էին ինչպես պետական գերատեսչությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նա ներկայացրեց Ծրագրի հիմնական դրույթները, որոնք առավելապես նպատակաուղղված են Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության, թափանցիկության եւ հաշվետվողականության բարելավմանը, ինչպես նաև պատասխանեց արտասահմանյան դիվանագետների հարցերին:

ՀՀ Գործողությունների ծրագիրը պաշտոնապես ներկայացվելու է միջազգային հանրությանը ապրիլի 16-18-ին Բրազիլիայի մայրաքաղաքում կայանալիք "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնության բարձր մակարդակի տարեկան հանդիպմանը:

Աշխատանքային խումբը ձևավորվել է այս թվականի հունվարին` ՀՀ վարչապետի որոշման համաձայն, որի կազմում ընդգրկվել են ՀՀ պետական գերատեսչությունները ներկայացնող 9 պաշտոնյաներ և Հայաստանի քաղաքացիական հասարակության 8 ներկայացուցիչ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանն Աշխատանքային խմբի քննարկումների ընթացքում ներկայացրել է Կենտրոնի կողմից մշակված ավելի քան 15 առաջարկներ, որոնք ընդգրկվել են Հայաստանի Գործողությունների ծրագրի վերջնական փաստաթղթում: ԻԱԿ ներկայացուցիչը ներկա կլինի նաև Բրազիլիայում կայանալիք ԲԿԳ հանդիպմանը, որտեղ կներկայացնի աշխատանքային խմբի աշխատանքները, փաստաթղթում հաստատված գործողությունների հետագա կիրառման հնարավորությունները:

"Բաց կառավարման գործընկերության" նպատակն է կառավարման ոլորտում բարեփոխումներ խթանել` բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: Նախաձեռնությունը համակարգվում է միջկառավարական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է 8 հիմնադիր պետություններից` Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա և Միացյալ Թագավորություն:

Նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է միջգերատեսչական խորհրդակցությունների և հանրային քննարկումների արդյունքում մշակել Գործողությունների ծրագիր, որով կսահմանվեն կառավարման ոլորտի բարեփոխմանն ուղղված իրատեսական խնդիրներն ու ժամկետները:

 

← Վերադառնալ