Նորություններ, միջոցառումներ

Տեղեկատվության ազատությունը քաղաքապետարաններում-2012

21.03.2012

2012թ.-ի փետրվարին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հացումներով դիմել էր Հայաստանի 49 քաղաքների ղեկավարներին (այդ թվում` Երևանի քաղաքապետարանին)` խնդրելով տեղեկություններ տվյալ քաղաքում ձյան մաքրման աշխատանքների համար 2011 եւ 2012թ.թ.-ին նախատեսված եւ հատկացված (ծախսված) գումարների վերաբերյալ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի այս նախաձեռնությունը հնարավորություն տվեց պարզել, թե տարբեր մարզերը ներկայացնող քաղաքային համայնքների ղեկավարները ինչպես են կիրառում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը: Քաղաքապետարանների տրամադրած պատասխանները վերլուծել ենք ըստ 2 չափանիշների. պատասխանների լիարժեքության եւ դրանց տրամադրման ժամկետների:

Պատասխանների բովանդակությունը

Քաղաքապետարաններին ուղարկված 49 հարցումներից 34-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը լիարժեք պատասխան է ստացել: Ընդ որում, լիարժեք պատասխաններից 22-ը տրամադրվել են ժամանակին, իսկ 12-ը՝ սահմանված ժամկետների խախտմամբ:

49 հարցումներից 6-ի դեպքում քաղաքապետարանները թերի պատասխան են տրամադրել, 1 հարցման դեպքում էլ պատասխանն անհիմն է եղել: 8 հարցում մնացել է անպատասխան:

Անհիմն պատասխանի հեղինակը Թումանյանի քաղաքապետարանն է: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ պատասխանում նշված էին հարցման բովանդակությունից բացարձակ տարբեր այլ տվյալներ (պատասխանը տես http://givemeinfo.am/hy/case/854/): Թումանյանի քաղաքապետարանին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կրկնակի հարցում ուղարկեց` խնդրելով տրամադրել պատշաճ տեղեկատվություն: Ի վերջո, Թումանյանի քաղաքապետարանը ԻԱԿ-ի կրկնակի հարցմանը լիարժեք պատասխան տրամադրեց առանց ժամկետների խախտման:

Թերի պատասխաններ են տրամադրել Արտաշատի, Վեդիի, Աբովյանի, Նոր Հաճնի, Ախթալայի եւ Գյումրիի քաղաքապետարանները: Այս քաղաքապետարանները ԻԱԿ-ին տրամադրել էին խնդրված տեղեկությունների միայն մի մասը: Քաղաքապետարանների ղեկավարներին ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ է դիմել` խնդրելով լրացնել չտրամադրված տեղեկությունները: Վեդիի և Նոր Հաճնի քաղաքապետարաններն կրկնակի հարցմանը ժամանակին լիարժեք պատասխան են տրամադրել, իսկ Արտաշատի, Աբովյանի, Ախթալայի և Գյումրիի քաղաքապետարաններն կրկնակի հարցումները թողել են անպատասխան:

Ինչպես նշվեց, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 8 հարցում մնացել էր անպատասխան. Վարդենիսի, Եղվարդի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Սիսիանի, Գորիսի և Նոյեմբերյանի քաղաքապետարանները չեն պատասխանել ԻԱԿ-ի հարցումներին: Նրանց ևս կրկնակի հարցումներ են ուղարկվել՝ խնդրելով տրամադրել առաջին հարցումներով պահանջվող տեղեկությունները: Արդյունքում, Ստեփանավանի, Սիսիանի և Գորիսի քաղաքապետարանները կրկնակի հարցումներին տրամադրեցին ժամանակին լիարժեք պատասխաններ, իսկ Եղվարդի և Սպիտակի քաղաքապետարանները` ուշացած լիարժեք: Իսկ Նոյեմբերյանի քաղաքապետարանն ի պատասխան ԻԱԿ-ի կրկնակի հարցմանը տրամադրեց անհիմն պատասխան: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ տրամադրվել է խնդրված տեղեկություններից տարբերվող այլ տեղեկություն (պատասխանը տես http://givemeinfo.am/hy/case/916/):

Վարդենիսի և Վանաձորի քաղաքապետաններն անպատասխան են թողել նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կրկնակի հարցումները: Այսպիսով, միայն այս 2 քաղաքապետարաններն են, որ անգամ կրկնակի հարցում ուղարկելուց հետո որևէ կերպ չեն արձագանքել ԻԱԿ-ի հարցումներին: Վարդենիսի և Վանաձորի քաղաքապետանները ներառվել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2012թ.-ի 1-ին եռամսյակային Սև ցուցակում:

Պատասխանների վերլուծությունն ըստ ժամկետների

Անդրադառնանք պատասխան գրությունների տրամադրման ժամկետներին: “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան պետք է տրվի այն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում: ԻԱԿ-ը հարցումներն ուղարկել է փոստով: Ուստի, պատասխանը չի համարվել ժամկետ խախտած, եթե տրամադրվել է 9 օրացույցային օրվա ընթացքում, որից 5 օրը օրենքով սահմանված ժամկետն է, 2 օրը հաշվարկվել է որպես փոստային առաքման ժամկետ և ևս 2 օրը ոչ աշխատանքային օրերն են` շաբաթ և կիրակի: Ամեն դեպքում, անճշտություններից խուսափելու համար ժամկետները հաշվարկելիս որպես հիմք ընդունվել են հարցումներն ուղարկելու օրը և պատասխան գրության ծրարի վրա փոստային ծառայության կնիքի վրա նշված` պատասխան գրությունն ուղարկելու օրը:

Ինչպես նշվեց, քաղաքապետարանները 34 դեպքում լիարժեք պատասխան են տրամադրել: Այս 34 պատասխաններից 22-ը տրամադրվել է ժամանակին, իսկ 12-ը` ուշացումով:

Թումանյանի քաղաքապետարանի տրամադրած անհիմն պատասխանը տրամադրվել է առանց ժամկետների խախտման (պատասխանը տես http://givemeinfo.am/hy/case/854/): Քաղաքապետարանն առանց ժամկետների խախտման է տրամադրել նաև կրկնակի հարցման լիարժեք պատասխանը (պատասխանը տես http://givemeinfo.am/hy/case/892/):

Թերի տրամադրված 6 պատասխաններից 4-ը տրամադրվել է օրենքով սահմանված ժամկետներում, իսկ 2-ը` ուշացումով (Արտաշատի և Գյումրիի քաղաքապետարաններ): Թերի պատասխանների հեղինակներին ուղարկված կրկնակի հարցումներից պատասխան ստացել են 2-ը` երկուսն էլ առանց ժամկետների խախտման:

Լուռ մերժման 8 հեղինակներին ուղարկված կրկնակի հարցումներից 2-ը, ինչպես նշվեց, անպատասխան են մնացել: Մնացած 6 հարցումներից 4-ի պատասխանները տրամադրվել են ժամանակին (3 լիարժեք և 1 անհիմն պատասխան), 2-ի պատասխանները` ժամկետների խախտմամբ:

Այսպես, ԻԱԿ-ի ուղարկած 49 հարցումներից պատասխան ստացել է 41-ը, որից 27-ը տրամադրվել է առանց ժամկետների խախտման, իսկ 14-ը` ուշացումով; Ուղարկված 15 կրկնակի հարցումներից պատասխան ստացել է 9-ը, որից 7-ը տրամադրվել է ժամանակին, իսկ 2-ը` ժամկետների խախտմամբ:

Այսպիսով, ընդհանուր առմամբ ուղարկված 64 հարցումներից (ԻԱԿ-ի առաջին և կրկնակի հարցումները) պատասխան ստացել է 50-ը, որից 34-ը ժամանակին, 16-ը` ուշացումով:

Ժամկետների առումով լավագույն արդյունքը ցույց են տվել Թալինի, Ճամբարակի, Բյուրեղավանի (տես http://givemeinfo.am/hy/case/845/) և Տաշիրի (տես http://givemeinfo.am/hy/entity/293/) քաղաքապետարանները, որոնք լիարժեք պատասխան են տրամադրել հարցումն ուղարկելուց 3 օր հետո: Լավագույններից է նաև Մեղրիի քաղաքապետարանը (տես http://givemeinfo.am/hy/case/859/), որը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 4 օր անց:

Վատագույնը Ալավերդու (տես http://givemeinfo.am/hy/case/899/) և Երևանի (տես http://givemeinfo.am/hy/case/873/) քաղաքպետարաններն են, որոնք ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել են հարցումն ուղարկելուց համապատասխանաբար 29 և 27 օր հետո:

Բոլոր քաղաքապետարաններին ուղարկված հարցումների արդյունքները և ժամկետները ներկայացված են այս աղյուսակում

 

← Վերադառնալ