Հաշվետվություն, մշտադիտարկում

Ներկայացվեց անկախ հաշվետվական մեխանիզմի առաջընթացի վերաբերյալ հայաստանյան հաշվետվությունը

04.04.2016



2016թ.-ի ապրիլի 4-ին տեղի ունեցավ հանրային քննարկում ««Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) անկախ հաշվետվական մեխանիզմի առաջընթացի վերաբերյալ հայաստանյան հաշվետվությունը» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի ազգային անկախ հետազոտող Արտակ Քյուրումյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Արամ Ասատրյանը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Լիանա Դոյդոյանը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն:

ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի (ԲԿԳ ԱՀՄ/OGP Independent Reporting Mechanism) ազգային անկախ հետազոտող Արտակ Քյուրումյանը պատրաստել էր ԲԿԳ-ի հայաստանյան առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն: Հանդիպման ժամանակ նա ներկայացրեց, թե որքանով է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները և գործողությունների ծրագիրը արտացոլում թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության ԲԿԳ-ի արժեքները, որքանով է Հայաստանի կառավարությունը հետևում ԲԿԳ ընթացակարգերի պահանջներին՝ մշակելու և իրականացնելու գործողությունների ծրագիրը, որքան հավակնոտ է ՀՀ երկրորդ գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ինչ առաջընթաց է արձանագրվել ստանձնած պարտավորությունների իրականացման գործում: Քննարկմանը որպես բանախոսներ նաև հրավիրված էին ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

ՀՀ երկրորդ գործողությունների ծրագրի նախապատրաստման և իրականացման գործընթացի ԲԿԳ ԱՀՄ հաշվետվությանը շուտով կարելի է ծանոթանալ, ինչպես նաև պարտավորությունների ու դրանց կատարման վերաբերյալ կարծիքներ ներկայացնել այստեղ՝ http://www.opengovpartnership.org/country/armenia/irm

Քննարկմանը հրավիրված էին ՀՀ պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամներ, քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ

 Անկախ հաշվետվական մեխանիզմի առաջընթացի վերաբերյալ հայաստանյան հաշվետվությունը (անգլերեն)

← Վերադառնալ