2.2 Հարկային վարչարարության գործընթացներում թափանցիկության և օբյեկտիվության խթանում

Մինչև 2013 թ.-ի ավարտը ծրագրված է հարկային վարչարարությունում բարեփոխել մասնագիտական էթիկայի կանոնները և պատասխանատվությունները, ներկայացնել հարկային վարչարարության ծառայությունների շրջանակներում մասնագիտական վարքագծի վերահսկողության և շահերի բախման կառավարման համակարգը։ Նաև նախատեսված է ամբողջությամբ անցնել առցանց համակարգով գործընթացին, ինչը նշանակում է, որ հարկատուների առնվազն 90%-ի հաշվետվությունները պետք է մշակվեն առցանց։ Հասարակության իրազեկությունը բարձրացնելու և հաճախորդների սպասարկումը բարելավելու նպատակով կստեղծվի հաճախորդների սպասարկման և տեղեկատվության կենտրոն։ Մինչև 2013 թ.-ի ավարտը նախատեսված է ելակետային տվյալների համեմատ 15%-ով մեծացնել սպասարկման ծառայություններից օգտվող հաճախորդների թիվը։ Հարկատուների համար համապատասխան ուղեցույցները հասանելի կլինեն առցանց և պարբերաբար կթարմացվեն։

Իրականացման ընթացքը
Հարկային և մաքսային մարմինների կողմից հարկ վճարողներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների տեսակների և քանակի ավելացման ուղղությամբ վերջին ժամանակահատվածում կատարվել են հետևյալ աշխատանքները. 2012թ. շարունակվել են հարկային օրենսդրական փոփոխություններով պայմանավորված հարկային հաշվետվական նոր ձևերի ծրագրավորման աշխատանքները: Արդյունքում՝ էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվությունների ներկայացման ծրագրային համակարգում ներկայումս ներդրված են 61 հաշվետվական տեսակներ:
2012թ. ընթացքում հարկային մարմիններին էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկ վճարողների թիվն ավելացել է մոտ 3 անգամ՝ կազմելով 20530: Վերջինս արդյունք է տարվա ընթացքում իրականացված իրազեկման աշխատանքների, որոնք ուղղված են եղել փոքր և միջին ձեռներեցների շրջանում էլեկտրոնային ծառայությունների կիրառելիության խթանմանը: Օրինակ, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաձեռնությամբ փոփոխություն է կատարվել ռիսկերի գնահատման հիման վրա հարկային ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության ավտոմատացված համակարգում (ՌՉՍՀ)՝ նախատեսելով ռիսկայնության նվազեցում մինչև 58,35 մլն. դրամ շրջանառություն ունեցող այն հարկ վճարողների համար, ովքեր օգտվում են էլեկտրոնային հաշվետվությունների համակարգից: Միաժամանակ, մշակվել, տպագրվել և բաշխվել են մոտ մեկ տասնյակ անվանում բուկլետներ և պաստառներ, կազմակերպվել են հանրային տեղեկատվական շնորհանդեսներ և դասընթացներ:
Նույն ժամանակաշրջանում էլեկտրոնային հարկային հաշիվների դուրսգրման համակարգում հարկ վճարողների կողմից դուրս են գրվել և ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից էլեկտրոնային մշակման ենթարկվել շուրջ 10,2 մլն. հարկային հաշիվներ:
Ստացվող հարկային հաշվետվությունների թվում Էլեկտրոնային եղանակով ներկայացված հարկային հաշվետվությունների տեսակարար կշիռը շարունակա-բար աճել և 2013թ. առաջին եռամսյակում հասել է մոտ 56 տոկոսի: Մինչև տարեվերջ հարկատուների 90 տոկոսի հաշվետվությունները կմշակվեն առցանց:
2012թ. ընդլայնվել է հարկ վճարողներին հիշեցում-ծանուցումների ուղարկման ավտոմատացված համակարգը: Իսկ ԱԱՀ վճարողների հաշվառման համարների ներդրման արդյունքում առավել ճշգրտվել է «Հարկատու 3» էլեկտրոնային կառավարման համակարգում գործող հարկային հաշիվների համադրման արդյունքում անհամապատասխանությունների մասին ծանուցումների ենթահամակարգը:
Ավելացվել են նոր մոդուլներ հարկ վճարողի էլեկտրոնային դարանում, այդ թվում՝ «Հարկ վճարողներ» մոդուլը, որի միջոցով հարկ վճարողը կարող է համառոտ տեղեկություններ ստանալ ցանկացած գրանցված կազմակերպության վերաբերյալ, այն է՝ ՀՎՀՀ-ն, հաշվառման ՀՏ-ն, հասցեն, գործունեության ոլորտը։ Իսկ նոր «Աշխատողներ» մոդուլի միջոցով հարկ վճարողը կարող է դիտել իր կողմից գրանցված աշխատողների տվյալները, խմբագրել և արտածել վերջիններս:

Աշխատանքներ են տարվել մաքսային հայտարարագրերի ավտոմատ լրացման համակարգում հայտարարատուների համար հաշվետվությունների ձևավորման համակարգ մշակելու ուղղությամբ: Պիլոտային փուլում է գտնվում ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվող դեղերի և դեղամիջոցների ներմուծման հավաստագրերի «մեկ պատուհան» սկզբունքով տրամադրման համակարգը: Վերջինիս ներդրման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում կազմակերպվել են դասընթացներ համակարգի պոտենցիալ օգտվողների համար, իրականացվել են ԱՏԳ մասնակիցների համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ:

Հարկային և մաքսային ընթացակարգերի հրապարակայնության և թափանցիկության աստիճանի բարձրացման նպատակով 2012թ. ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները. շարունակվել են մշակվել և հրապարակվել ամենամսյա «ՀՀ ԿԱ ՊԵԿ գործունեության համառոտագիրը (Digest)», որտեղ ներկայացվել են նոր ընդունված իրավական ակտերը և դրանց հակիրճ մեկնաբանությունները, և եռամսյա «Մաքսատուն» և «Հարկատու» լայնաֆորմատ ամսագրերը, որտեղ ոչ միայն լուսաբանվել են գերտատեսչության իրականացրած աշխատանքները, այլև հարկատուների անդրադարձները ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաձեռնած նորամուծություններին և կատարված աշխատանքներին:

Շարունակվել են պարբերաբար հրապարակվել «Խոշոր հարկ վճարողների 3 մլն. դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովության վճարներ վճարած ապահովադիրների», «Տարվա արդյունքներով` 50 մլն. դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների», «3 մլն. դրամ և ավելի եկամտահարկ վճարած հարկային գործակալների» և հարկային օրենսդրությամբ նախատեսված մյուս տեղեկատվական ցանկերը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրվել են հասարակական հետաքրքրություն ունեցող օրենսդրական ակտերի նախագծերը, գործող օրենսդրական ակտերը, հաշվետվությունների ձևաթղթերը և հարկ վճարողների իրազեկման համար նախատեսված այլ տեղեկատվություն:

2012թ. ընթացքում երեք հեռուստաընկերություններով պատրաստվել են շոււրջ 10 հեռուստահաղորդումներ, որոնց միջոցով լուսաբանվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգում կատարվող բարեփոխումների գործընթացը: Իսկ 2013թ. հունվարի 14-ից «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը մեկնարկել է «TAX ինֆո» հաղորդաշարը, որը ներկայացնում է հարկային և մաքսային օրենսդրական ու վարչարարական նորությունները, պատասխանում գործարարների հարցերին: Միջինում 15 րոպեանոց հաղորդումները հեռարձակվում են ամեն երկուշաբթի` շաբաթվա ընթաքում 2 կրկնություններով:

Հարկային մարմիններում հարկ վճարողների սպասարկման ենթակառույցների զարգացման նպատակով կատարվել են հետևյալ աշխատանքները. 2012թ. օգոստոսից վերադաս հարկային մարմնում գործարկվել է վերանորոգված արդիական բազմաֆունկցիոնալ սպասարկման սրահ, որն ապահովում է այցելուների ընդունելության կազմակերպումը, նրանց կողմից փոստով և առձեռն ներկայացվող դիմումների և այլ տեղեկությունների ընդունումը, ինչպես նաև մատուցում իրազեկման ծառայություններ և սպասարկում էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնող հարկ վճարողներին:
2012թ. Վանաձորի տարածքային հարկային տեսչությունում վերանորոգվել և բացվել է հարկ վճարողների սպասարկման նոր սրահ: Արդյունքում՝ հարկային մարմինների համակարգում ներկայումս գործում են հարկ վճարողների սպասարկման 10 կենտրոն, որոնք շահագործում են 13 սպասարկման սրահներ: Ներկայումս սպասարկման կենտրոններ գործում են Սևանում, Վանաձորում (երկու սրահ), Գյումրիում և Եղեգնաձորում:

2012թ. տարեսկզբին գործարկվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային և մաքսային ծառայությունների նոր ձևաչափի վեբկայքերը, որոնք ստեղծվել են կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և մոտեցումներ, միաժամանակ էապես ավելացրել օգտվողներին մատուցվող տեղեկատվության և ծառայությունների ծավալները:
2012թ. տարեվերջին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ համատեղ մեկնարկել է հարկ վճարողների սպասարկման կետերի ցանցի ներդրման լայնածավալ գործընթաց, որի արդյունքում ակնկալվում է գալիք տարիներին գործարկել մոտ 140 նման սպասարկման կետեր հանրապետության ամբողջ տարածքով սփռված փոստային բաժանմունքներում՝ ապահովելով հարկ վճարողների սպասարկման ծառայությունների հասանելիության բարձրացումը: Ակնկալվում է, որ սպասարկման կետերը կմատուցեն հարկ վճարողներին առավել պահանջված ծառայությունները նախևառաջ այն բնակավայրերում, որտեղ չկան ՀՀ ԿԱ ՊԵԿ սպասարկման կենտրոններ:

2012թ. շարունակել է աճել ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի կողմից հեռախոսակապով և էլեկտրոնային եղանակով տրամադրվող պարզաբանումների թվաքանակը՝ հասնելով 69 հազարի, այդ թվում՝ 92 տոկոսը՝ հարկային օրենսդրության և վարչարարության, իսկ 7 տոկոսը՝ մաքսային օրենսդրության և վարչարարության վերաբերյալ:
ԲԿԳ Հայաստանի գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորու-թյունը, այն է՝ սպասարկման ծառայություններից օգտվող հաճախորդների թիվը մեծացնել 15 տոկոսով, կատարված է:

Հարկային և մաքսային մարմիների կողմից ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով 2012թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ կազմում ձևավորվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի ներքին աուդիտի վարչությունը, հաստատվել են վարչության գործառույթները, անձնակազմի պաշտոնեական անձնագրերը և «ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին աուդիտի կանոնակարգը»: Վարչության անձնակազմը վերապատրաստվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կազմակերպ-ված «Հանրային հատվածի ներքին աուդիտ» և «Ներքին աուդիտի միասնական ավտոմատացված համակարգ» թեմաներով վերապատրաստման դասընթացնե-րին, ստացել հավաստագրեր, ինչպես նաև մասնակցել ISO/IEC 27001:2005 տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրման նպատակով կազմակերպված խորհրդատվական ծառայություն իրականացնելու համար ստեղծված մասնագիտական խմբերում: Տարվա ընթացքում ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանների հիման վրա վարչությունն իրականացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգում կատարված գնումների, ձեռք բերված ապրանքանյութական արժեքների մուտքագրման և ելքագրման աշխատանքների, գնված կամ այլ աղբյուրներից ստացված տեխնիկայի և էլեկտրոնային ծրագրերի առկայության և համապատասխանության նպատակային աուդիտներ:

Հարկային և մաքսային ծառայողների համար արդեն իսկ գործում են վարքագծի կանոններ: Ինչ վերաբերում է դրանց կատարելագործմանն ու կիրառելիությանն ուղղված անհրաժեշտ մեխանիզմների ձևավորմանը, ապա այդ հարցն ընդգրկված է ԱՄՆ ՄԶԳ հետ իրականացվող հարկային բարեփոխումների ծրագրում:Պարտավորությունն իրականացված է, սակայն շարունակական է: