2.1 Տեղեկատվության մատչելիության խթանում

  • Գույքի և եկամուտների հայտարարագրման թափանցիկության ապահովում:

Բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը կհրապարակվեն հանրության համար հասանելի կերպով, ինչպես օրինակ Էթիկայի հանձնաժողովի նորաստեղծ պաշտոնական ինտերնետային կայքում: Էթիկայի հանձնաժողովը նաև կապահովի հայտարարագրերի բովանդակության վերլուծությունը և դրանց հրապարակայնությունը։

Իրականացման ընթացքը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է 2012թ. հունվարից: Այժմ արդեն բոլոր հայտարագրերը հրապարակվում են հանձնաժողովի պաշտոնական կայք-էջում՝ համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հայտարարագրման ենթակա տվյալների ցանկի: Հայտարարագրերի վերլուծության արդյունքում բացահայտվել է 25 անհամապատասխանություն, որոնց հիմնական պատճառները հայտարարագիրը ուղեցույցի պահանջներին չլրացնելն է կամ հայտարարագիր լրացնելու կանոններ չիմանալը:

Ներկայումս Համաշխարհային բանկի հետ համապատասխան ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվում հայատարարագրման ողջ համակարգի էլեկտրոնայնացման ուղղությամբ: Ծրագրի նպատակն է ապահովել հայտարարագրված տվյալների հավաստիությունը, ինչպես նաև հեշտացնել հայտարարագրերի՝ կայքում տեղադրելու գործընթացը: Պարտավորությունը կատարված է:

  • Պաշտոնական ինտերնետային կայքերի բովանդակության ստանդարտացում:

Գործընթացն ուղղված է լինելու պետական ինտերնետային կայքերի միասնական կառուցվածքի, պետական կայքերում անհրաժեշտ տեղեկությունների հրապարակման և թիրախային խմբերի համար կայքերի արդյունավետ կիրառելիության ապահովմանը։ Ստանդարտացման միասնական չափանիշները նաև կապահովեն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակումը, ինչպես օրինակ բյուջեն, բյուջեի կատարման հաշվետվությունները, բյուջեի հետ կապված տվյալները համապատասխան ձևաչափերով ներկայացնելը, որն առավել լայն հնարավորություն կտա համապարփակ վերլուծություն իրականացնել։ 

Իրականացման ընթացքը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է սահմանել ստանդարտ չափորոշիչներ պետական գերատեսչությունների պաշտոնական կայք-էջերի համար: Միաժամանակ, սահմանված են նաև որոշակի պահանջներ պետական հիմնարկների համար (ինչ պարտադիր բովանդակություն պետք է ունենան կայքերը, ինչ պարբերականությամբ պետք է թարմացվեն դրանք և այլն): Վերոնշյալ կառավարության նախագիծը մշակվել է մի շարք հասարակա-կան կազմակերպությունների աջակցությամբ՝ քննարկվելով նաև տեխնիկական մասնագետների հետ: Տեխնիկական մասնագետների կողմից բարձրացված հարցադրումները հաշվի են առնված քննարկվող նախագծում: Ներկայումս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն ուսումնասիրում է նախագծի ֆինանսական գնահատականը, որն, ընդհանուր առմամբ, պետք է նախատեսվի պետական բյուջեից: Պարտավորության իրականացումն ընթացքի մեջ է:

  • Տեղեկատվության ազատության վերաբերյալ պետական ծառայողների գիտելիքների և հմտությունների բարելավում։

Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով՝ քաղաքացիական և համայնքային ծառայողների համար պարբերաբար կկազմակերպվեն դասընթացներ։ Այս դասընթացները հանրային ծառայողներին կօգնեն բաց և հաշվետու աշխատանքել հանրության հետ, ինչպես նաև պատշաճ կերպով մշակել և արձագանքել տեղեկատվություն ստանալու հարցումներին։

Իրականացման ընթացքը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի գործունեության ուղղություններից մեկը պետական և համայնքային ծառայողների վերապատրաստումն է տեղեկատվության ազատության ոլորտում: Ուոսուցումների մասին առավել մանրամասն տեղեկությունները հասանելի են ԻԱԿ ինտերնետային կայքում: Կենտրոնը համագործակցում է ՀՀ կառավարության, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ, գործում է համագործակցության հուշագիր ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ: Արդեն հինգ տարի է, ինչ ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, որի ընթացքում վերապատրաստվել է ավելի քան 400 պետական և համայնքային ծառայող: Պարտավորությունը կատարված է, սակայն շարունակական է: