1.4 Գնումների ընթացակարգերի բարելավում

Պետական գնումների թափանցիկությունը, հաշվետվողականությունը և օրինականությունն ապահովելու նպատակով կառավարությունն ստանձնել է գնումների առկա համակարգը բարելավելու և պետական գնումներով զբաղվող մարմինների ինստիտուցիոնալ կարողությունները հզորացնելու աշխատանքները։ Նախատեսվում է ներկայացնել հաշվետվական համակարգ, ըստ որի իրավասու մարմինը պետք է հրապարակի կապալառուների կողմից իրականացված գնումների մասին առավել մանրամասն տեղեկատվություն։ Բացի այդ, շահերի բախման ռիսկը նվազեցնելու և պետական գնումների ընթացակարգերին համապատասխանությունն ապահովելու նկատմամբ առավել խիստ վերահսկողություն իրականացնելու նպատակով նախատեսվում է մշակել գնումների համար պատասխանատու պաշտոնատար անձանց վարքի նորմեր։ Մինչ այդ, կմշակվեն և կներկայացվեն շարունակական ուսուցման և վերապատրաստման ծրագրեր։ Մինչև 2013 թ.-ի ավարտը նախատեսվում է ամբողջությամբ իրականացել և ապահովել էլեկտրոնային գնումների համակարգի արդյունավետ կիրառումը՝ գործընթացի թափանցիկությունը և պետական գնումների ոլորտում մրցակցությունն ամրապնդելու նպատակով։ www.gnumner.am և www.armeps.am պաշտոնական կայքերը կկատարելագործվեն, որպեսզի առավել արդյունավետ գործեն և տրամադրեն ամբողջական տեղեկատվություն գնումների ընթացակարգերի վերաբերյալ։ 

Իրականացման ընթացքը
2012թ. հունվարի 1-ից գործարկվել է ՀՀ էլեկտրոնային գնումների համակարգը, որի արդյունքում ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից բաց ընթացակարգով իրականացվող գնումների գործընթացները կազմակերպվում են էլեկտրոնային ձևով` www.armeps.am կայքի միջոցով: Մասնավորապես՝ 2012թ. ՀՀ պետական մարմինների կողմից էլեկտրոնային ձևով կազմակերպվել են շուրջ 51 գնման գործընթացներ: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվել է նաև էլ. գնումների համակարգի գործարկման մշտադիտարկում, և պատվիրատուներին ու գնումների մասնակիցներին տրամադրվել է անհրաժեշտ մեթոդական օժանդակություն: Ներկայումս աշխատանքներ են տարվում ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված շրջանակային համաձայնագրերի միջոցով գնումները էլեկտրոնային ձևով` www.armeps.am կայքի միջոցով իրականացնելու ուղղությամբ:

ՀՀ ֆինանսների նախարարի 25.12.12թ. թիվ 1169-Ն հրամանով հաստատվել է «Գնումների վերաբերյալ տվյալների վերլուծության և էլեկտրոնային տեղեկատուի վարման կարգը (ներառյալ՝ հաշվետվության ձևը)», որով նախատեսվում է պատվիրատուների կողմից նախագծով հաստատվող ձևաչափով գնման գործընթացների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում գնումների աջակցման կենտրոնին: Վերջինս այդ տեղեկատվության հիման վրա իրականացնում է վերլուծություններ՝ ըստ գնումների արժեքային և(կամ) քանակական բնութագրիչների և դրանց տարբեր համակցությամբ:

Պետական պատվիրատուների կողմից գանձապետական համակարգում գնումների վերաբերյալ տեղեկատվության ամբողջական գրանցումն ապահովելու նպատակով “CLIENT-TRESUARY” – “LSFinance” (ԳԳՕ) համակարգերում մշակվել և 2012թ. դեկտեմբերի 1-ից ներդրվել է նոր ծրագրային փաթեթ, որով պետական պատվիրատուները պետության համար պարտավորություններ առաջացնող գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը՝ հաշվետվությունը, համակարգ մուտքագրում են ինքնուրույն: Այդ տեղեկատվության հետ մեկտեղ համակարգ է մուտքագրվում  նաև գնման պայմանագիրը: Առաջին անգամ ստեղծվել է գնման պայմանագրերի ավտոմատ հաշվառման էլեկտրոնային շտեմարան: Նշված համակարգը հնարավորություն է տալիս նաև բացառել պետական կառավարման մարմինների կողմից թե՛ ձևական և թե՛ բովանդակային առումներով տարբերվող տեղեկատվության ներկայացումը ՀՀ ֆինանսների նախարարություն:

Գնումների էլեկտրոնային տեղեկատուում հրապարակված շրջանակային համաձայնագրերով կատարվող գնումների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա իրականացվել են վերլուծություններ և կազմվել ու հրապարակվել են ամսեկան հաշվետվություններ, որտեղ կարելի տեսնել, ըստ մարմինների և ըստ գնման առարկաների, մասնակիցների ներկայացրած առավելագույն, նվազա-գույն գները, հաղթող մասնակցիների գների կշռված և թվաբանական միջինը, ստանդարտ շեղումը, մասնակիցների անվանումը: 

ՀՀ կառավարության 30.08.2012թ-ի թիվ 1104-Ն որոշման հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարությունը մեկ անձից կատարվող գնումների վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում` կնքված պայմանագրերը, հրապարակում է ՀՀ կառավարության www.e-gov.am կայքում: 

Գնումների համակարգողների որակավորման գնահատման նպատակով 2012թ. ընթացքում կազմակերպվել են ՀՀ պետական կառավարման մարմինների, դրանց համակարգում գործող պատվիրատու հանդիսացող կազմակերպությունների (ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ, ՓԲԸ-ներ և այլն) և ՀՀ քաղաքային համայնքների գնումների համակարգողների գնումների մասին ՀՀ օրենսդրության իմացության գնահատման քննությունները: Արդյունքում` նշված քննությունները հաջողությամբ հանձնել են ՀՀ պետական կառավարման մարմինների և դրանց համակարգում գործող պետական հիմնարկների թվով 191, ՀՀ պետական կառավարման մարմինների համակարգում գործող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների թվով 268 և ՀՀ քաղաքային համայնքների թվով 42 գնումների համակարգողներ, որոնք ընդգրկվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող գնումների որակավորված մասնագետների ցուցակում: 

«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2012թ. ընթացքում կազմակերպվել է ՀՀ պետական կառավարման մարմինների, վերջիններիս ենթակա ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների գնումների մասնագետների, իսկ «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից` քաղաքային և գյուղական համայնքների գնումների մասնագետների վերապատրաստման դասընթացներ: Նշված դասընթացները շարունակվում են նաև 2013թ.: Պարտավորությունն, ըստ էության, կարելի է համարել կատարված: