1.2. Կարգավորման "Guillotine" ծրագիր

ՀՀ կառավարությունը գործի է դրել լայն ոլորտների կարգավորման պարզեցման բարեփոխումների ծրագիրը՝ «կարգավորման guillotine» անվանմամբ։ Հիմնվելով միջազգային լավագույն գործելակերպի վրա՝ բարեփոխման նպատակն է վերացնել կամ պարզեցնել իրավական այն նորմերը, որոնց կարիքը չկա կամ որոնք չեն նպաստում բիզնեսի զարգացմանը։ Այս շրջանակային ծրագիրը կհանգեցնի գործարար միջավայրի բարելավմանը՝ առավել լայն հնարավորություններ ստեղծելով արտաքին ուղղակի ներդրումների համար և խթանելով տնտեսական զարգացումն ու աշխատատեղերի ստեղծումը։ Ավելին, կառավարության քննարկմանն են ներկայացվել իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձին միավորների, հաստատությունների, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառմանը և մի շարք այլ խնդիրներին վերաբերող օրինագծեր, որոնք ուղղված են բարելավելու գործարար միջավայրը։

Իրականացման ընթացքը
Ծրագիրն ուղղված է ավելորդ կարգավորումների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը և  հնարավոր ներդրումների ներգրավմանը: 2012թ. մայիսից գործարկվել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, որի առջև բարեփոխումների խորհրդի կողմից դրվել է հանրային ծառայությունների, տրանսպորտի և առողջապահության ոլորտների ուսումնասիրությունը և  համապատասխան իրավական ակտերի նախագծումը:

Հանրային ծառայությունների ոլորտի մասին օրենքների փաթեթը (վերաբերում է էներգետիկայի և հեռահաղորդակցության բնագավառներին) ԱԺ-ում անցել է երկու ընթերցում: Բարելավվում են, հիմնականում, հոսանքի միացման աշխատանքները քաղաքացիների կամ բիզնեսի կողմից, կարգավորվում է փոքր ՀԷԿ-երի կառուցման լիցենզավորման գործընթացը: Հեռահաղորդակցության ոլորտում կրճատվում է երկու տեսակի լիցենզիա, փոխարենը դրվում է ծանուցման մեխանիզմ: Կապի բնագավառում ներմուծվում է “number portability” գաղափարը. այսինքն՝ լինելով մի օպերատորի սպասարկման դաշտում, հնարավոր է կամավոր կերպով փոխել օպերատորին՝ առանց փոխելու հեռախոսահամարը:

Էապես պարզեցվել են տաքսի ծառայությունների հիմնման և գործունեության հետ կապված գործընթացները՝ կրճատվել են մի շարք տեղեկանքներ և քայլեր, որոնք մինչ այդ տաքսի ծառայությունը պարտավոր էր իրականացնել լիցենզիա ստանալու և գործունեություն ծավալելու համար: Փոփոխություններ են կատարվել նաև բեռնափոխադրումների ոլորտում:

Առողջապահության ոլորտի նախագծերը դեռևս քննարկման փուլում են: Դրանք, հինականում, վերաբերում են դեղատնային գործունեությանը, ինչպես նաև դեղերի գրանցման ընթացակարգին: Քննարկվող ոլորտում ՀՀ կառավարության կողմից զուգահեռաբար իրականացվում են նաև առավել խորքային բարեփոխումներ:

Ներկայումս հիմնարկի առջև դրված են հողային օրենսդրության բարեփոխումները, համապատասխան աշխատանքները կմեկնարկեն նաև հարկային և մաքսային ոլորտներում: Պարտավորությունը կատարված է: