1.1. Էլեկտրոնային կառավարման միջոցով բաց կառավարության խթանում

  • Միասնական վճարումների համակարգի ներկայացում (պորտալ)

Պետական տուրքերի (լիցենզիաների, թույլտվությունների, ծառայությունների և այլն) միասնական վճարման համակարգի ներդրումը հնարավորություն կտա վճարում իրականացնել բանկային քարտով կամ տերմինալով: Այս համակարգի միջոցով վճարված գումարը դիտարկելի կլինի պետական մարմնի համար:

Իրականացման ընթացքը
E-payments համակարգը գործում է շուրջ մեկ տարի: Համակարգը հնարավորություն է ընձեռում բոլոր պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կատարել էլեկտրոնաին եղանակով: Մոտավորապես 4,000 օգտվող է եղել համակարգից: Պարտավորությունը կատարված և ավարտված է: 

  • Պետավտոտեսչության ոլորտի բարեփոխումներ` մեքենաների գրանցման, վարորդական իրավունքի տրամադրման, տուգանքների և վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրում

Մեքենաների գրանցումը, վարորդական իրավունքի տրամադրումը, տուգանքների վճարումը կիրականացվի մեկ պատուհանի սկզբունքով, ինչպես նաև հաճախորդին նախապես տրամադրված, 12-նիշանի ծածկագրի միջոցով հնարավորություն կստեղծվի հետևել գործաքրի ընթացքին:

Իրականացման ընթացքը
Ստեղծվել է մեկ միասնական կենտրոն, որտեղ կենտրոնացված են պետավտոտեսչության կողմից իրականացվող բոլոր գործառույթներն ու մատուցվող ծառայությունները: Կենտրոնը հնարավորություն է ընձեռում իրականացնելու այնպիսի գործարքներ, ինչպիսիք են՝ մեքենայի գրանցում, վարորդական իրավունքի տրամադրում, տեխնիկական անձնագրի ձեռքբերում, առքուվաճառք և այլն: Պարտավորությունը կատարված և ավարտված է:

  • Էլեկտրոնային համակարգի ներդրում հյուպատոսական ծառայությունների մատուցման համար
Հյուպատոսական ծառայությունները կիրականացվեն Էլեկտրոնային համակարգի միջոցով (անձնագրերի տրամադրում և փոխանակում, անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգում, տվյալների ստուգում, վերադարձի վկայականների տրամադրում և այլն):
 
Իրականացման ընթացքը 
Համակարգն ապահովում է էլեկտրոնային կապ արտաքին գործերի նախարարության և դեսպանությունների միջև, ինչպես նաև հնարավորություն է տալիս քաղաքացիներին մատուցվող մի շարք ծառայություններ իրականացնել առավել օպերատիվ կերպով: Գործող 45 կետերից 15-ը հաջողությամբ միացել են համակարգին, ներկայումս աշխատանքներ են տարվում մյուսներին ևս միացնելու համակարգին, ինչպես նաև փորձ է արվում մոտ 30-40 տեսակի ծառայություններից ամենից կարևորները ներառել հիշյալ համակարգում: Ներկայումս նման կերպ իրականացվում են քաղաքացիների անձնագրերի երկարաձգման, ինչպես նաև վերադարձի վկայականի տրամադրման ծառայությունները: 
Վերոնշյալ համակարգի հիման վրա ավելացվելու է նաև հյուպատոսական հաշվառման բաղադրիչը, որը ենթադրում է ինստիտուցիոնալ փոփոխություն. մինչ օրս վեց ամսից ավելի արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիները պարտավոր էին այդ մասին տեղեկացնել դիվանագիտական մարմիններին: Այժմ մոտեցումը փոխվում է. պարտադիր պահանջը վերածվում է կամավորության սկզբունքի, իսկ հաշվառման կանգնելը հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային կայքի միջոցով: Հարցի առնչությամբ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ուղարկվել է ՀՀ կառավարություն, որից հետո ՀՀ կառավարության որոշմամբ կմեկնարկի համապատասխան ընթացակարգերի մշակման փուլը (նախատեսվում է փոփոխություններ կատարել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում, «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում, «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում, որով նախատեսվում էր տուգանք վեց ամսից ավել արտասահմանում գտնվելու մասին դիվանագիտական մարմիններին չհայտնելու համար, ինչպես նաև ՀՀ մաքսային օրենսգրքում: Փոփոխությունների համաձայն՝ հաշվառումն այսուհետ ունի զրոյական դրույքաչափ):  
Պարտավորության իրականացումն ընթացքի մեջ է: 
  • «Mail-Armenia» համակարգի ներդրում
Առաջին անգամ անձնագիր ստանալու համար դիմած ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի անձնական էլեկտրոնային հասցե: Պետության կողմից բոլոր կարգի ծանուցումները կներկայացվեն այդ հասցեով:
 
Իրականացման ընթացքը 
Անձնագրերի հետ միասին ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու է անձնական էլեկտրոնային հասցե: Պետության կողմից բոլոր տեսակի ծանուցումները կներկայացվեն այդ հասցեով: Պարտավորության կատարմանն ուղղված աշխատանքներն արդեն մեկնարկել են: Համապատասխան օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու նպատակով արդեն իսկ մշակվել են իրավական ակտերի նախագծեր, որոնք մոտ ապագայում ներկայացվելու են համապատասխան մարմինների հաստատմանը: ԵՄ կողմի հետ ձեռք բերված համատեղ պայմանավորվածության համաձայն՝ փորձնական տարբերակի մեկնարկից հետո համակարգն ամբողջությամբ կկիրառվի ՀՀ ողջ տարածքում: Նախատեսված է պարտավորությունը կատարել և ավարտել մինչև 2013 թվականի վերջ: 
  •  «E-statistics» համակարգի ներդրում

Պետական վիճակագրական ծառայությունը հաշվետվությունները իրականացնելու է Էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի միջոցով:

Իրականացման ընթացքը
Համակարգի միջոցով պետական վիճակագրական ծառայությունը հաշվետվությունները կարող է ներկայացնել online տարբերակով: Պարտավորության կատարմանն ուղղված աշխատանքներն արդեն մեկնարկել են. ներկայումս իրականացվում են գույքագրման աշխատանքներ, վերանայվում են վիճակագրական ծառայության հաշվետվությունների բոլոր ձևերը, վեր են հանվում առկա հնարավոր կրկնությունները, ինչպես նաև քայլեր են ձեռնարկվում այդ կրկնությունները բացառելու ուղղությամբ: Գույքագրման փուլին հաջորդելու է ծրագրի նախագծման աշխատանքների մեկնարկը, որը, հավանաբար, տեղի կունենա ամռանը (հունիս-հուլիս ամիսներին), իսկ ծրագրի ավարտը նախատեսված է մինչև 2013 թվականի վերջ:  

  • Քաղաքային համայնքներում էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության համակարգի ներդրում

Հայաստանի Հանրապետության բոլոր 48 քաղաքային վարչական մարմինները կմիանան «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության համակարգին։

Իրականացման ընթացքը
ՀՀ 48 քաղաքապետարաններից 44-ում իրականացվել են  էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի ներդրմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքները, և հնարավորություն է ստեղծվել էլեկտրոնային փաստաթղթեր փոխանակել պետական մարմիններում շահագործվող «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի հետ: Աշխատանքները դեռևս չեն ավարտվել Գյումրու, Ախթալայի, Շամլուղի և Դաստակերտի քաղաքապետարաններում:

Մոտ 300 բնակիչ ունեցող Դաստակերտի քաղաքապետարանում ուսուցման դասընթացներին մասնակցելու համար չկան համապատասխան կադրեր, իսկ Լոռու մարզի Ախթալայի և Շամլուղի համայնքներում առկա են տեխնիկական բնույթի խնդիրներ՝ կապված կապի ոչ բավարար որակի հետ: Այդ կապակցությամբ դիմել են համապատասխան բջջային օպերատորներին՝ վերոնշյալ խնդրին լուծում տալու նպատակով:

Գյումրու քաղաքապետարանում աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, քանի որ քաղաքապետարանը նպատակ ունի զուգահեռաբար ներդնել նաև «Մեկ պատուհան» համակարգ: Քաղաքապետարանի պաշտոնյաների հավաստմամբ՝ աշխատանքներն ավարտին կհասցվեն հունիս ամսվա ընթացում: Պարտավորության իրականացումն ընթացքի մեջ է: