Նորություններ, միջոցառումներ

ԲԿԳ Հայաստանի Գործողությունների երկրորդ ծրագրի նախագիծը

15.07.2014

«Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է երկրորդ գործողությունների ծրագրի մշակումը, որը նախատեսվում է իրականացնել 2014-2016 թվականներին: ԲԿԳ-Հայաստան երկրորդ գործողությունների ծրագրի նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության հիմնական սկզբունքները (թափանցիկություն, մասնակցություն, հաշվետվողականություն, տեխնոլոգիաներ և նորարարություն): Նախագծում ներառված են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հանքարդյունաբերություն, առողջապահություն, մշակույթ, քաղաքաշինություն, մաքսային և այլ ոլորտներ: 

Համաձայն ԲԿԳ չափորոշիչների՝ գործողությունների ծրագրում ներառվող պարտավորությունները պետք է լինեն կոնկրետ, հստակ և հակիրճ, իսկ արդյունքը՝ չափելի: Դրանցում պետք է պարզորոշ կերպով ներկայացված լինի պարտավորությունների համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին և սկզբունքներին: 

Գործողությունների ծրագրի իրականացման ժամանակահատվածը 2014-2016 թվականներն են: Ծրագրով ՀՀ կառավարությունը հանձն է առնում իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք հստակ են, միտված են կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը, նպաստում են տեղեկատվության մատչելիությանը և կոռուպցիայի վերացմանը:   

ԲԿԳ հայաստանյան գործողությունների ծրագրի նախագիծը կազմվել է աշխատանքային խմբի անդամների առաջարկների հիման վրա: Այնուհանդերձ, այն դեռևս ամբողջական չէ, և ողջունելի են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիտարկումները, առաջարկները, որոնք կարող եք ուղարկել foi@foi.am կամ roza.vardanyan@gov.am էլեկտրոնային հասցեներին: 

****

Բաց կառավարման գործընկերությունը ստեղծվել է 2011-ին սեպտեմբերին` 8 երկրների նախաձեռնությամբ (Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ): Այս նախաձեռնությանն այսօր արդեն միացել է ավելի քան 60 երկիր: Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է նախաձեռնությանը 2011-ի նոյեմբերին: ԲԿԳ հռչակագրում ասվում է, որ այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ունենալ առավել թափանցիկ և պատասխանատու իշխանություններ:  

 ԲԿԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ

 

← Վերադառնալ